Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված հարուցվել է քրեկան գործ։ Խոսքը վերաբերում է 53 փաստաբանների կողմից հանցագործության մասին ներկայացված հաղորդման հետ։ Ըստ ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի, Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էին ներկայացրել:
Եվ ահա Գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել Է քրեական գործ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: Գլխավոր դատախազության այս գործելաոճը, եթե հաշվի առնենք, թե ով է ղեկավարում այդ կառույցն ի դեմս Արթուր Դավթյանի, բավական հետաքրքրական է ու ինտրիգային, հատկապես, երբ այն դիտարկում ենք Հայաստանում սկսված ներքաղաքական նոր մարաթոնյան շրջանի համատեքստում, որը ընդհանուր առմամբ անվանենք «ընտրական ալիշ-վելիշներ»։
Իհարկե, հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է լիովին ազնիվ մղումներից ելնելով, սակայն կասկածից վեր է, որ նույնիսկ ամենաազնիվ մղումներից կատարված քայլը Նիկոլ Փաշինյանն օգտագործելու է ի շահ իրեն։ Այս գործը նույնպես։ Սակայն կոնկրետ այս գործը ինչպես է Նիկոլ Փաշինյանն ի շահ իրեն օգտագործելու։
Բանն այն է, որ ԱԺ-ն առաջիկա արտահերթում քննարկելու է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթը, որն օրերս է Վենետիկի հանձնաժողովի քննությանը ենթարկվել։ Ըստ ընթացակարգի, ԸՕ նոր դրույթներն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունվարից և չեն տարածվի առաջիկա ընտրությունների վրա։ Սակայն իշխանությունները կարծես թե տրամադրված են նրան, որ նոր դրույթներ որոշ մասը ուժի մեջ մտնի մինչև հունիսի 20-ը։ Ու այդ ամենը «մոգոնելու» համար գործող իշխանությունն ունի նախագահ Արմեն Սարգսյանի «քյոմակ անելու» կարիքը։
Խոսքն այն դրույթների մասին է, որոնք կարող են ինչ որ առումով աջակցել Փաշինյանի վերարտադրվելուն։ Հիշեցնենք, որ փաթեթում է ներառված ընտրությունների անցողիկ շեմի իջեցումը, կուսակցությունների համար 1%-ով` կդառնա 4%, դաշինքների համար՝ բարձրացում․ 2 կուսակցության դաշինքի դեպքում անցողիկ շեմը կդառնա 8%, 3 կուսակցությունների դաշինքի դեպքում` 9%, 3-ից ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում`10%։
Իշխանությունն այժմ հետաքրքրված է, որ որքան կարելի է ԱԺ-ում հայտնվելիք ուժերի թիվը լինի շատ, որով նաեւ փոշիանան ընդդիմության հավանական ձայները։ Ու հիմա այս բաղձալի փոփոխություններին հասնելու համար, Փաշինյանը կարող է պարզապես օգտագործել վերոնշյալ քրգործը՝ հարուցված նախագահ Արմեն Սարգսյանի հանդեպ, որպեսզի վերջինս խուսափի «խասյաթ դարձրած» ՍԴ դիմելն ու «խելոք շնորհքով, օրենքի տառին համապատասխան» ինչպես անում է գրեթե միշտ՝ անմռունչ ստորագրի այն։
Նյութի աղբյուր՝ http://politik.am/