Այն բանից հետո, երբ թուրքերը քանդեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները, ԱԺ այսօրվա նիստում հայտարարություններ արեցին իշխող մեծամասնության պատգամավորները: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Բաքվի բարբարոսությունը, հայկական ինքնության հետքերի, ժառանգության ոչնչացումը «պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում, հարցը պետք է լինի նաև Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում՝ հետագա լուծումների առումով»։
Իր հերթին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, թե միջազգային հանրությանը պետք է համոզել, որ գործուն միջոցներ ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու գործողությունների դեմ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։ Ըստ Արարատ Միրզոյանի՝ և Շուշիի Ղազաչեցոց եկեղեցու նկատմամբ բարբարոսությունը, և հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը, և շաբաթներ առաջ Բաքվում խայտառակ պուրակի բացումը հերթական վկայությունն են, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, եւ դա պետք է հասկացնել միջազգային հանրությանը:
Աշխարհը պետք է սա անի, միջազգային հանրությունն այն անի. հարց է առաջանում՝ իսկ խորհրդարա՞նը, իշխող մեծամասնությո՞ւնն ինչ պետք է անեն: 6 ամիս է անցել եռակողմ թղթի ստորագրումից, 6 ամիս խորհրդարանը զբաղվել է ինչով ասես, բացի ազգային օրակարգի կարեւորագույն հարցերից: Նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների ակնարկներից հետո, որ Հայաստանը չի ճանաչել Արցախը, խորհրդարանը չի քննարկել այս հարցերը: Լուսավոր Հայաստանը փորձեց նման մի բան նախաձեռնել, բայց շատ արագ հետ քաշվեց՝ խորհրդավոր ակնարկներ անելով, թե դա վտանգավոր է: Թե որտեղից է գալիս այդ վտանգը՝ դժվար չէ հասկանալ՝ եռակողմի հեղինակից:
Ինչ անի աշխարհը, եթե գործ ունի նման խորհրդարանի հետ, եթե կառավարությունը երկրի անվտանգության համակարգը լիովին հանձնել է Ռուսաստանին եւ կատարում է նրա բոլոր հրահանգները: Ինչու է Բաքուն վստահ ու անպատիժ շարունակում Հայաստանի դեմ պատերազմական եւ միջազգային կոնվենցիաներով հանցագործությունները: Հայաստանը նախաձեռնել կամ հայտարարե՞լ է որեւէ բան, որը Բաքվին հետ կպահեր դրանից: Գուցե այս հարցերի՞ն փորձեին պատասխանել խորհրդարանականները:
Միջազգային հանրությունը սկուտեղի վրա ոչինչ չի մատուցելու, եթե տվյալ երկրից չկան դիմադրության, սեփական իրավունքների գիտակցման ու պաշտպանության կամք, վճռականություն եւ քայլեր: Դրա փոխարեն ինչ է տեսնում աշխարհը՝ ռուսական լափամանի համար հրմշտոց՝ ապաքաղաքական, կենցաղային մակարդակի «բանավեճերով» եւ աշխարհի քաղաքական մարմնի վրա մակաբուծելու հույսով: