ՀՀ կառավարությունն իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց հիմք են հանդիսացել քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերում կիրառվող «ոչ բնակելի տարածք (բացվածք)» և «բացվածք» հասկացությունները սահմանելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետարանի կողմից` ՀՀ քաղաքաշինության նախարարություն ուղղված առաջարկությունները: Նշված տերմինները հստակեցվել են և համապատասխանեցվել ազգային և միջպետական ստանդարտներով սահմանված հասկացություններին:
Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող տարածքի իրացման և անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպման աշխատանքը շուրջ վեց ամսով երկարաձգելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մեկ այլ` պետական գույքն օտարելու որոշման մեջ:
Գործադիրը փոփոխել և լրացրել է ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու իր նախկին որոշումը: Նպատակահարմար է համարվել միացնել «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» և «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ները, Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքը և Արմավիրի բժշկական կենտրոնը, իսկ բաժանմունքի տարածքում ստեղծել մարզային էնդոկրինոլոգիական ստացիոնար ծառայություն: