«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես է արցախցին հաղթահարում հետպատե­րազմյան դժվարությունները: Արցախի ապագայի, պատերազմի արդյունքների, Շուշիի անկման մասին «Իրավունքը» Արցախում զրուցել է ԱԺ նախ­կին նախագահ, ԱԺԿ կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանհ հետ, ով նախ անդրադարձավ արցախցիների օրախնդրային հարցերին.

-Ամբողջ խնդիրն այն է, որ մենք այս պահին կարիք ունենք լուրջ խորքային վերլուծությունների և մի­ասնական, կոլեգիալ կառա­վարման ինչ-որ համակարգ մշակե­լու և դրանով առաջնորդվելու անհրա­ժեշտություն: Ես շատ բարդ եմ տեսնում մեր արտաքին քաղաքականության առաջ ծառացած խնդիրները, որովհետև նման պատերազմից հետո շատ դժվար է դիվանագիտական ճանապարհով փոր­ձել վերականգնել կամ մեղմել այն հար­վածները, որոնք ժառանգեցինք 2020 թվականի պատերազմից հետո: Բնակա­նաբար, այն, ինչ այսօր կատարվում է մեր արտաքին քաղաքական գերատես­չությունների կողմից, ողջունելի է, նրանք բոլորն էլ ջանում են անել անգամ անհ­նարինը, որ մեղմվի այսօրվա մեր դժվա­րին իրավիճակը: Բայց որպեսզի այդ ամենը արդյունքներ ունենա, շատ կարևոր է, որ մենք համակարգված աշխա­տանք տանենք, որի արդյունքում միայն կարելի է ցանկալի արդյունքների հաս­նել: Ցավոք, այսօր ես չեմ տեսնում ջան­քեր, որ մեր քաղաքական ողջ ներկապ­նակը ծառայեցվի դրան:

- Պարո՛ն Ղուլյան, Փաշինյանն ասում է, որ Արցախն ապագա ունի, և այդ ապագան կարծես թե իր հետ է կապում:

-Ես չգիտեմ, թե ինչքանով է Փաշի­նյանը տեսնում Արցախի ապագան իր ղեկավարման օրոք, դա կարող է որոշել միայն ժողովուրդը: Իրականությունն այն է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախի և ընդհանուր համահայկական արժանապատվության հետ, չի խոսում այդ տրա­մաբանության օգտին: Հայությունը, Ար­ցախը ապագա ունեն, բայց ապագան կերտելու համար մեզ պետք են բոլորո­վին այլ որակի իշխանություններ:

-Պարո՛ն Ղուլյան, ի վերջո, Շուշիի անկման հետ կապված առեղծվածը ամիս­ներ անց գոնե Ձեզ համար հայտնի դար­ձա՞վ:

-Շուշիի անկման հետ կապված հար­ցերը բազմաթիվ են և բազմապիսի, բայց ես կողմնակից եմ, որ այդ մասին խոսեն և իրականությունը բացահայտեն առաջին հերթին ռազմական գործիչնե­րը, ովքեր տեղյակ են, թե ինչ է տեղի ու­նեցել այդ մարտերի ընթացքում: Ինչ վե­րաբերում է կոնկրետ ռազմական գործողությունները կազմակերպելուն, ապա այստեղ շատ դժվար է այս խառնաշփոթի մեջ ճիշտ կողմնորոշվել: Ես հակված եմ հավատալու այն ռազմական գործիչնե­րին, ովքեր տարիներ առաջ ազատագ­րել են Շուշին, ովքեր հասկանում են Շուշիի իմաստն ամբողջությամբ: Ես մի դրվագի վրա կարող եմ ուշադրություն դարձնել, եթե մենք մինչ օրս չգիտենք Շուշիի ռազմական գործողությունները կազմակերպող հրամանատարին կամ հրամանատարական խմբին, ապա պարզ է դառնում, թե մեր պետական, պաշտպանական կառավարումն ինչպիսի մակարդակի էր: Եվ, այո, Շուշիի անկումը առեղծված է, և դրա վառ ապացույցն այն է, որ մինչ օրս գաղտնի է պահվում Շուշիի օպերացիայի հրամանատարի անունը:


-Պարո՛ն Ղուլյան, 44 օր շարունա կ բոլորիս հավատացնում էին, որ հաղթում ենք: Ձեզ համար պատերազմի ո՞ր օրն էր այլևս ակնհայտ, որ թշնամու ուժերն անհավասար են, և որ մեզ ՌԴ-ի օգնությամբ պատերազմը կանգնեցնել է անհրաժեշտ

-Անկեղծ ասած, պատերազմի տարբեր օրերին մենք մշտապես հավատում էինք, որ թեկուզ տարբեր հատվածներում հաջողություններ են տեղի ունենում այնուամենայնիվ, մենք կմոբիլիզացնենք մեր ողջ ռեսուրսները ճիշտ գործողությունների արդյունքում կհասնենք հաջողության: Ցավոք, հոկտեմբերին արդեն պարզ էր, որ ինչ-որ բան այնպես չէ, որ մենք չենք կարողանում պետական կառավարման համար համարժեք դարձնել այն մարտահրավերներին, որ այդ պատերազմի ընթացքում մեր առջև դրված էր: Դրանից հետո, թեկուզ շատ խիստ թերահավատորեն, այնուամենայնիվ, փորձում էինք պաշտոնական քարոզչությանը հավատալ, ինչը, ինչպես տեսանք, շատ վատ խաղ դարձավ մեր ազգային արժանապատվության համար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում