Ինչպես հայտնում է Կոմերսանտ պարբերականը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երեւան այցի միակ հաջողությունը կարելի է համարել կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով հուշագրի ստորագրումը:


Փաստաթուղթը թույլ կտա Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մասնագետներին այցելել Հայաստանում «Պենտագոնի փողերով» աշխատող կենսալաբորատորիաներ: Ռուսաստանը պարբերաբար մտահոգություն է հայտնել «ՌԴ սահմանների մոտ ռազմական կենսաբանական ակտիվության» կապակցությամբ, գրել է թերթը: Հայաստանի հետ այս թեման քննարկվում է 2018 թվականից, եւ Լավրովի այցի ժամանակ ստորագրվել է փաստաթուղթը:

Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաների հարցում Ռուսաստանը քարոզչական մեծ աղմուկ է բարձրացրել, թեեւ նման լաբորատորիաներ են գործում ԱՊՀ բազմաթիվ երկրներում: Ռուսները կարծում են, թե ԱՄՆ-ն այդպիսով կառուցում է ցանց, կենսաբանական զենք ստեղծելու նպատակով: Հայաստանը բազմիցս հերքել է այդ տեղեկությունները եւ պատրաստակամություն հայտնել մուտքի թույլտվություն տալ ռուս մասնագետներին:

Գենային-կենսաբանական թեման «Մեծ հաղթանակի մոլագարության» հետ դարձել է Վլադիմիր Պուտինի հոբբին: Արհեստական բանականությունը եւ գենետիկան բժշկությունում հրամայական են հռչակվել: Դրանով զբաղվում է անձամբ Պուտինի դուստրն անփոխարինելի Սեչինի ֆինանսավորմամբ: ըստ ինսայդերական տեղեկությունների, Պուտինը ծանր հիվանդ է ու մտադիր է ապրել շատ երկար:

2019 թ. գարնանը Ռուսաստանը սկսեց գենետիկ տեխնոլոգիաների զարգացման ծրագրի իրագործումը: Դրա համար 3 գենոմային կենտրոն բացվեց: Մոտակա տարիներին ընդհանուր ծախսերը կարող են հասնել 230 մլրդ ռուբլու, պարզել են ռուսական լրատվամիջոցները:

Նախագծերի մասնակիցներին հաջողվում է իշխանություններին «վաճառել» «գենետիկ զենքի» եւ ռուսների գենետիկ տվյալներին արտաքին հասանելիության սպառնալիքներով, գրում է «Մեդուզան»: Կենսաբանները կարծում են, որ գենետիկ զենքի ստեղծումը (օրինակ, վիրուս՝ ստեղծված կոնկրետ ազգության համար) սկզբունքորեն անհնար է, բայց դրան հավատում է Միխայիլ Կովալչուկը՝ Կուրչատովի ինստիտուտի նախագահը եւ Ռոսսիյա բանկի բաժնետեր Յուրի Կովալչուկի եղբայրը, Պուտինի կլանի անդամը, պնդում է «Մեդուզան»:

2018 թվականին Պուտինը խնդիր է դրել զարգացնել ռուսական գենետիկան՝ գենային ինժեներիայի ներուժը համեմատելով նոր միջուկային զենքի հետ: Այդ ոլորտում ոչ պաշտոնական համակարգողը դարձավ Պուտինի ենթադրյալ դուստրը՝ էնդոկրինոլոգ Մարիա Վորոնցովան:

Այսօր աշխարհում տեխնոլոգիական փոփոխություններ արագությունը բազմակի աճում է, եւ մենք պետք է սեփական տեխնոլոգիաներ ու չափանիշներ ստեղծենք այն ուղղություններով, որոնք կանխորոշելու են ապագան: Խոսքն առաջին հերթին արհեստական բանականության, գենետիկայի, նոր նյութերի, էներգիայի աղբյուրների, թվային տեխնոլոգիաների մասին է: Վստահ եմ, մենք կարող ենք այստեղ էլ նույնպիսի հաջողության հասնել, ինչպես պաշտպանական ոլորտում, հայտարարել էր Պուտինը:

Ինչպես պատվաստանյութի պարագայում, երբ վարկաբեկիչ լայն արշավ ու քայլեր են ձեռնարկվում այլ երկրներում ստեղծված պատվաստանյութերի դեմ, Ռուսաստանը թերեւս մտադիր է այդ ոլորտները զարգացնել նույն հիբրիդային մեթոդներով, այդ թվում՝ հարեւան երկրների դեմ:

Միայն կռահել կարելի է, թե ինչի շնորհիվ է Լավրովը Հայաստանում հասել «միակ հաջողությանը»՝ լաբորատորիաների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելուն՝ հայ գերիների հարցը չեն խորշում «կլանի» քմահաճույքների համար օգտագործելուց:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/08/640327/