Քարոզարշավի վերջին օրերին ոմանք սպասում էին, որ ՀՅԴ-ն վերջին պահին իր անդամներին կհորդորի աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այդպես չեղավ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Այս առումով որոշակի սպասումներ կային արևմտյան արժեհամակարգի կողմնակից Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կողմից նույնպես: Թերթի հստակ տեղեկություններով` հանրապետության տեղական կառույցներին, նրա երկրապահական թևին կուսակցության կողմից ներքին հրահանգ է իջեցվել` պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Գաղտնիք չէ, որ «Հանրապետություն» կուսակցության Վազգեն Սարգսյանի երկրապահական թևը բավականին կուռ և կայացած կառույցներ ունի տեղերում, որոնք իրենց ազդեցությունը որոշակի շրջանակների վրա դեռ պահում են: Ի դեպ, նախորդ օրը Բագրատյանի շտաբը բանավեճի էր հրավիրել Հովհաննիսյանին, և բոլորին էր հետաքրքիր, թե ինչպես է Հովհաննիսյանը տնտեսական իր «հինգ քայլով» հասնելու ու առաջ անցելու միջազգային չափանիշներով տնտեսական «մագիստր» Բագրատյանից, և, ինչպես կատակում են քաղաքական շրջանակներում, «բարևելու կարևոր գործը Րաֆֆիին չէր թողնելու մասնակցեր բանավեճի»: Ինչպես տեղեկացել է թերթը` նա չի արձագանքել այդ առաջարկին: