Երևանի Կենտրոն  և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա նիստում հարցաքննվեց  դատակոչված 1 վկա՝  Երվանդ Սիմոնյանը, ով  մասնակիցներից ոչ մեկի չճանաչեց,-այս մասին գրում է Փաստինֆոն:

Գործն առնչվում էր նրա հորը, ով վկայի խոսքով 1998թ.-ից գտնվում է ԱՄՆ-ում:   Դատախազի այն հարցին, թե արդյոք վկայի հայրը  մեկնելուց հետո շարունակել է կենսաթոշակ ստացանալ՝  վկան բացասական պատասխանեց: Այսօրվա միակ վկայի հարցաքննությունից հետո դատարանը հայտարարեց, որ 18 վկա էլ գրություն են ուղարկել դատարանին, որ այս կամ այն պատճառաբանությամբ չեն կարող ներկայանալ հարցաքննությանը՝ խնդրելով հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները:  Վկաների գրություններում մասնավորապես նշվում էր, որ նրանք վատառողջ են, կամ բացակայում են Հայաստանից: Վատառողջ վկաների գրություններից մի քանիսի հետ կցված էր նաև վկայի հիվանդությունը հաստատող բժշկական տեղեկանք, ինչն էլ հիմք ընդունելով դատարանը ընթերցեց տվյալ վկաների նախաքննական մարմնին տված ցուցմունքները:  

Մյուսների դեպքում էլ դատավարության մասնակիցներն առարկեցին եւ  դատարանն էլ գտավ, որ միայն գրությունը չի կարող հիմնավոր համարվել՝ վկաների  բացակայությունը գնահատելով անհարգելի: Այդուհանդերձ՝ դատավոր Պապոյանը հայտարարեց, որ  չեն  շտապելու վկաներին  բերման ենթարկելու որոշում կայացնել՝ հաշվի առնելով, որ նրանք մեծամասամբ տարեցներ են:   Վկա Աննա Պողոսյանը դատարանին հասցեագրված գրության մեջ նշել էր, որ հղի է և չի կարող ներկայանալ հարցաքննությանը՝ կից ներկայացնելով, նաև բժշկի տեղեկանք:

Վկան խնդրել էր հիմք ընդունել և հրապարակել նախաքննական մարմնին տված իր ցուցմունքը: Ի զարմանս դատարանի՝ կողմերն  առարկեցին, սակայն դատարանը որոշեց հղի կնոջն ընդառաջել  և հրապարակեց վկայի նախաքննական  ցուցմունքը:  Վկա Վանիկ Չիլոյանի ծանուցումն էլ հետ էր եկել. նա ներկայումս բնակվում է Նյու- Յորքում։ Պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց դատակոչման ցուցակից հանել վկային, ինչը դատարանը մերժեց։  Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 22-ին, որին ներկայանալու համար դատարանը նպատակահարմար գտավ ծանուցել բոլոր չհարցաքննված վկաներին:   

Ի դեպ նշենք, որ գործով նախատեսվում է հարցաքննել շուրջ 190 վկայի, որոնցից  առայժմ  հարցաքննվել են  89-ը: