Ինչպես արդեն հայտնել էինք, YerevanNews.am-ը սկսում է հարցազրույցների շարք` տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող երիտասարդների հետ: Երեկ ներկայացրել էինք անժամկետ նստացույց հայտարարած Վահագն Մինասյանի հարցազրույցը:
Այսօր ներկայացնում ենք «Վճարում ենք 100 դրամ» ֆեյսբուքյան խմբի ադմին, ակտիվիստ Սոնյա Մսրյանի հետ անցկացրած հարցազրույցը: Նշենք, որ Սոնյան ծնվել է 1990թ. հուլիսի 7-ին` Շիրակի մարզի Այգաբաց գյուղում:
- Ի՞նչ կրթություն ունեք:
-Հաճախել եմ Այգաբաց գյուղի միջնակարգ դպրոց: Կարող եմ ասել, որ գյուղում մեծանալն ու գյուղում անցկացրած տարիներն եղել են ամենալուսավոր կետերից մեկը: Եվ կարծում եմ այդ մաքուր ու լուսավոր բանը, որ իմ մեջ կա, դա հենց եկել է գյուղում անցկացրած մանկությունից: Դրանից հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, բակալավրիատն եմ ավարտել , իսկ մագիստրատուրան շարունակել եմ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Այդ փոփոխությունը եղել է իմ կյանքի շրջադարձային կետերից մեկը: Ինձ ավելի շատ դուր է գալիս սոցիոլոգիան, քանի որ այնտեղ ավելի շատ հումանիզմ կա, քան տնտեսագիտության մեջ:
-Որտե՞ղ եք աշխատել:
- Հիմա կոնկրետ աշխատում եմ «Պերսոնա Գրատա» ընկերությունում, մարկետինգային հետազոտությունների բաժնում, պրոյեկտներ եմ ղեկավարում, իրականացնում ենք տարբեր տիպի հետազոտություններ, հաշվետվություններ ենք պատրաստում:
-Կներկայացնե՞ք Ձեր ընտանիքը:
-Ապրում ենք Երևանում, հայրս, մայրս, եղբայրս: Քույրիկս վերջերս է ամուսնացել: Եղբայրս սովորում է Բժշկական համալսարանի 6-րդ կուրսում: Քույրս աշխատում է ինձ հետ նույն գրասենյակում: Մայրս աշխատում է դեղագործական ընկերությունում, հայրս ազատ աշխատանքներ է իրականացնում:
- Ինչպե՞ս սկսվեց Ձեր մասնակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարին:
-Կարելի է ասել ուսանողական տարիներից ակտիվ եմ եղել, բայց ոչ նման մասշտաբային կերպով: Եղել եմ ուսանողական խորհուրդների կազմում և մեծ հիասթափություն եմ ապրել նրանց աշխատանքից: Կոնկրետ այս ակցիային ակտիվ ներգրավված եմ եղել, քանի որ իմ մեջ ինչ-որ բան է փոխվել և ես հասկացել եմ, որ պետք է ավելի շատ ոչ թե տեսական պայքարել, այլ գործնական: Սա այն դաշտն էր, որն ամենաճիշտն էր ու լայն հնարավորություն էր ընձեռում պայքարն առաջ տանելու համար: Այստեղ չկար ինչ-որ քաղաքական ուժի կամ կազմակերպության կողմից ղեկավարում, կային միայն ազատ քաղաքացիներ, ովքեր միասին հավաքվել են ինչ-որ նպատակի շուրջ: Նախաձեռնության անդամներից գրեթե բոլորին ճանաչել եմ հենց նախաձեռնությունից, ծանոթացել եմ իրենց հետ և ինձ համար մեծ ձեռքբերում է եղել իրենց հետ ծանոթանալը, որովհետև գտնում ես նույն մարդկանց, ովքեր մտածում են նույն կերպ, ինչպես դու և ունեն նույն արժեքային համակարգն ինչ-որ դու: Շատ բարձր եմ գնահատում Ռուզաննա Գրիգորյանի մտքերը, որոնք ամեն մեկը մի մարգարիտ է : Ես կարծում եմ, որ մենք մեկ-երկու տարի հետո կունենանք այն քաղաքացուն, որին ես անձամբ կցանկանամ տեսնել: Ես կցանկանայի բոլորի մեջ տեսնել Վահագն Մինասյանի, Սուրեն Սահակյանի, Գոռ Առաքելյանի, Սևակ Մամյանի, Ռուզաննա Գրիգորյանի, Աստղիկ Մանուկյանի (տնօրենիս) նման քաղաքացիներ:
-Ըստ Ձեզ, ո՞րն էր պայքարի հաջողության պատճառը:
-Այսպես ձևակերպեմ, խնդիրը շատ պարզ էր, առաջ վճարում էինք 100 դրամ, հիմա վճարում ենք 150, պետք է նորից այնպես անել, որ վճարենք 100 դրամ: Ամեն մարդ, որ տեսնում էր մեր պլակատները, իր համար խնդիրը պարզ էր: Մենք մասնակցում էինք պայքարին որպես քաղաքացիներ և չէինք ներգրավվում քաղաքական պայքարի մեջ: Յուրաքանչյուր քաղաքացի դառնում էր այդ պայքարի կրողը: Եվ մարդիկ անմիջապես զգում էին այդ խնդիրն իրենց վրա: Եվ դա էր պատճառը, որ այս ամենը պսակվեց հաջողությամբ:
- Իսկ ինչպե՞ս էր վերաբերվում Ձեր ընտանիքը այդ պայքարին մասնակցելու որոշմանը:
-Մանսակցել եմ հուլիսի 18-ից, առաջին հանդիպումն է եղել Սիրահարների այգում , որոշեցինք ֆեյսբուքյան ակտիվությունից դուրս գալ և իրական քայլեր ձեռնարկել: Կարելի է ասել ակտիվորեն մասնակցել եմ: Գերագնահատել կամ թերագնահատել իմ մասնակցությունը չեմ ուզում: Կոնկրետ մայրս ոգևորել է, քանի որ հասկացել է, որ եթե կա խնդիր ու ես իմ մասնակցությամբ կարող եմ լուծում գտնել այդ խնդրին, ուրեմն պետք է մասնակցեմ: Բնականաբար, անհանգստությունը կար, քանի որ շատ ուշ էի գնում այդ օրերին տուն: Ուղղակի ես բացատրել եմ մայրիկիս, որ «ջայլամի պես» ապրել չի կարելի:
-Եթե հետագայում ուղեվարձը կրկին թանկանա, շարունակելու՞ եք պայքարը:
-Բնականաբար շարունակելու ենք: Մեր ներկայացրած պահանջների մեջ հենց կա գրված, որ պետք է լինի ոչ թե որոշման կասեցում, այլ որոշումը պետք է ընդհանրապես հանվի: Բացի այս պահանջից, կարճաժամկետ պահանջների մեջ է նաև երկու պաշտոնյաների պաշտոնանկության հարցը: Երկարաժամկետի մեջ դրել ենք տրանսպորտային համակարգում համակարգային փոփոխություններ իրականացնելու հարցը: Ես կարծում եմ, եթե որոշումը մտնի ուժի մեջ և դառնա 150 դրամ և որևէ փոփոխություն չլինի տրանսպորտային համակարգում կամ ինչ-որ կերպ արդարացված չլինի թանկացումը, ես անձամց պատրաստ եմ 10 անգամ ավել ուժեր ներդնել, որպեսզի այդ որոշումը հանվի:
-Իսկ եթե սոցիալական որոշակի փաթեթներ մշակվեն ուսանողների, տարեցների և սոցիալապես անապահով անձանց համար, ինչ եք կարծում հնարավոր կլինի՞ պայքարը նույն կերպ շարունակել:
-Բնականաբար այստեղ գործ ունենք մարդկանց քաղաքացիական գիտակցության փոփոխության հետ: Մեր հիմնական նպատակներից մեկն այնն է, որ մարդկանց քաղաքացիական գիտակցությունը փոխվի և մարդիկ ուղղված լինեն ոչ միայն սեփական շահերի համար գործողություններ իրականացնելու, այլ մտածեն հանրային շահերի և դիմացինի շահերի մասին: Ես գրեթե վստահ եմ, որ ուսանողների համար 100 դրամ դարձնելով, ամեն ինչ չի վերջանա, քանի որ մարդկանց մոտ կա քաղաքացիական գիտակցության փոփոխություն:
- Արդյո՞ք ճիշտ էր այս պահին հայտարարել նստացույց և պահանջել հենց այդ երկու պաշտոնյաների պաշտոնանկությունները:
- Իմ կարծիքով տարբերությունը մյուս շարժումների հետ համեմատ այն է եղել, որ հաջողությունից հետո մարդիկ չգնացին իրենց տները կամ ինչ-որ տեղ նշելու այդ հաջողությունը, այլ` հետևողական են եղել, որ պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության: Սա շատ կարևոր է: Կարծում եմ պատասխանատվության ինստիտուտի հարցը, որը բարձրացվել է , շատ լուրջ մարտահրավեր է ` համակարգում փոփոխություններ մտցնելու համար: Այն համառությունն ու ջանքերը, որոնք ներդրվել են կոնրետ այս նախադեպը ստեղծելու համար` տալու են իրենց արդյունքը:
-Ըստ ձեզ ինչու՞ են նստացույց հայտարարել միայն երեք ակտիվիստները:
-Ի սկզբանե ասեմ, որ աբսուրդային են այն խոսակցությունները, թե շարժումը մասնատված է, քանի որ այն ի սկզբանե եղել է ապակենտրոն, և բնականաբար ամբողջ շարժումը չէր կարող նստացույց հայտարարել: Որոշ մարդիկ գտնում են, որ ճիշտ է նստացույց անելը, որոշ մարդիկ գտնում են, որ ճիշտ է կանգառներում ակցիաներ անելը: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում թե ինչպես պայքարել համակարգային ՙ լուծում պահանջող խնդիրների դեմ: Պետք է հասկանալ, որ երեք հոգի լինի , թե՚ մի հոգի լինի , թե՚ կես հոգի լինի, թե՚ մի անչափահաս լինի, եթե ներկայացվել է իրավական հիմքեր, պետք է քննել և հետազոտել այդ իրավական հիմքերի բավարար լինելը: Մենք բոլորս էլ աջակցում ենք նստացույցի մանսակիցներին և երբ էլ գնաք քաղաքապետարանի դիմաց, երեք հոգի չեք գտնի:
-Իսկ ինչպե՞ս եք աջակցում նստացույցի մասնակիցներին:
-Բոլորս ամեն օր միշտ իրենց հետ ենք գաղափարապես: Բացի այդ, որոշել ենք ամեն օր քաղաքապետարանի մոտ ինչ-որ միջոցառումներ իրականացնել` կոնկրետ մարդկանց քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելու, հարցեր քննարկելու, հանրային խնդիրներ քննարկելու համար:
-Ինչպե՞ս եք վերաբերվում շարժումը քաղաքականացվում է բնորոշմանը:
- Շարժումը սկսվել է որպես սոցիալական , քաղաքային շարժում: Որ ասում են շարժումը քաղաքականացվում է, իմ կարծիքով այս թեզն առաջ են քաշում այն պատճառով, որ կա իշխանության համակարգում ներգրավված անձանց պաշտոնանկության հարցը: Սակայն այս թեզով նման բնորոշում տալը ` սխալ է: Ի սկզբանե շարժումը եղել է նաև քաղաքական: Չի կարող լինել հասարակական կյանքում որևէ շարժում, որը քաղաքական հարցեր չշոշափի: Շարժումը և՚ սոցիալական է, և՚ քաղաքական: Շատ մարդիկ շարժումը քաղաքականացվում է ասելով, նկատի ունեն, որ այն ուղղորդվում է ինչ-որ մարդկանց կողմից: Սխալ եմ համարում նման տեսակետները: Այստեղ մի շատ կարևոր բանի մասին կցանկանամ խոսել: Շատ տեսակետներ կան թե շարժման մասնակիցներին վարձատրում են, գրանտների են մասնակցում , ես կարծում եմ, որ նման կարծիքներն արտահայտողներն առաջին հերթին իրենց են վիրավորում: Երբ որ ասում են իրենք փող ու գրանտ են տալիս, ծիծաղս գալիս է, քանի որ 16-17 տարեկան երիտասարդները իրենց գրպանից գումար են հանում թռուցիկները պատրաստելու համար:
-Իսկ ինչ-որ մասնակցություն ունեցել ե՞ք ուսման վարձերի թանկանցման դեմ պայքարին:
- Ես կարծում եմ, որ կրկին ճիշտ հարց է բարձրացված, քանի որ սխալ եմ համարում, երբ չկա որակական փոփոխություններ կրթական համակարգում և դրա դիմաց վարձ են բարձրացնում: Ճիշտ եմ համարում, որ դասախոսների աշխատավարձը պետք է բարձրանա, բայց անհրաժեշտ բարեփոխումները կատարելուց հետո: Այլ ոչ թե լինի բարձր գումար, բայց ցածր որակ: Ոտնահարվում է քաղաքացիների` կրթություն ստանալու իրավունքը: Մասնակցություն չունեմ, քանի որ կարծում եմ, որ պետք է կենտրոնացնել ուժերն ինչ-որ ուղղությամբ: Կան խմբեր, որոնք մասնակցություն ունեն այս ոլոտում և կարծում եմ իրենք հաջողության կհասնեն: Մենք որոշել ենք աջակցել նստացույցին և զուտ ֆիզիկապես չենք կարող մասնակցել բոլոր պայքարներին:
- Իսկ ի՞նչ նախաձեռնությունների եք մասնակցում այժմ:
-Կոնկրետ մենք հիմա սկսել ենք ավտոկանգառների դեմ պայքարը: Ես ինքս վարորդ չեմ և մեր ակտիվիստներից շատերը վարորդ չեն և մեքենա չեն կայանում: Սակայն մենք գիտակցում ենք, որ այն գումարները, որ գնում են մասնավորի գրպանը, կարող էր ուղղվել այլ` ավելի կարևոր խնդիրների լուծման համար: Այժմ գործում է «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» անվամբ ֆեյսբուքյան խումբ: Հիմա կոնկրետ թեման դրել ենք շրջանառության մեջ, որ կա մարդկանց իրավունքների ոտնահարում և հանրային տարածքների համար գանձվող գումարները գնում են ինչ-որ մասնավոր կազմակերպության գրպանը: Արդեն օգոստոսի վերջին կանցնենք կոնկրետ գործողությունների, որովհետև որոշումը կասեցվել է մինչ սեպտեմբեր:
Լուսանկարը` Սոնյա Մսրյանի ֆեյսբուքյան էջից
Հարցազրույցը վարեց` Նաիրա Հովհաննիսյանը