Իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր հայտարարել է, թե վերականգնելու են Արցախի տարածքային ամբողջականությունը: Երեկ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե հասնելու են արժանապատիվ խաղաղության: Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, թե բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել Հադրութի ու Շուշիի վերադարձին:
Սկսեց. նախընտրական շրջան է, նման հայտարարությունները կարելի է վերագրել այդ շրջանի տրամաբանությանը, միեւնույն ժամանակ սակայն քաղաքական ուժերը պետք է նկատի առնեն հետեւյալը. սա աշխատավարձի ու թոշակի բարձրացման, ասֆալտ անելու եւ նման խոստումներ չեն, որ կարելի է ձեռքի հետ տալ ու անցնել առաջ:
Հայկական քաղաքական դասից իհարկե որեւէ լուրջ բան սպասելն անմտություն է, այնուամենայնիվ նման հայտարարություն անելիս առնվազն պետք է հստակ մանրամասնել մի շարք հանգամանքներ: Ի՞նչ են հասկանում այդ մարդիկ Արցախի տարածքային ամբողջականություն ասելով, ի՞նչ սահմաններում: Ի՞նչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն, կամ ում հետ բանակցություններով են վերադարձվելու կորսված տարածքները:
Խնդիրն այն է, որ այս ուժերը հավատարմություն են հայտնել եռակողմ հայտարարությանը եւ դրա հեղինակ Ռուսաստանին: Մոսկվան առաջին դեմքերի մակարդակով հայտարարել է, որ առաջնային խնդիրը եռակողմ հայտարության կատարումն է եւ ստատուս-քվոյի պահպանումը, բացառելով քաղաքական կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում եւ Արցախի կարգավիճակը: Անձամբ Պուտինը Արցախը հայտարարել է Ադրբեջանի տարածք: Ռուսական զորքը Արցախում է այս պայմանավորվածությունների դիմաց, այդ թվում՝ Շուշիի ու Հադրութի:
Նկատենք՝ սա մենք չենք ասում, սա ասում են ՌԴ առաջին դեմքերը:
Ավելորդ է ասել, որ ռուսական «կարգավորման» այս տարբերակը չի ենթադրում «արժանապատիվ խաղաղություն» եւ որեւէ բանի վերադարձ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, այստեղ բանակցությունների վերսկսման խոսակցությունները կարող են տեւել երկար ժամանակ, եւ դա կախված է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ խաղացողների միջեւ պայմանավորվածություններից: Բացի այդ, Հայաստանի շահագրգռությունը պետք է արտահայտվեր կոնկրետ նախաձեռնություններով, որոնք չկան: Օրինակ, իշխող մեծամասնությունը խորհրդարանում կարող էր քննարկել Արցախի վերամիավորման կամ գոնե ճանաչման հարց, իսկ առավել ուժեղ քայլ կլիներ Արցախը Հայաստանի մաս հայտարարելը: Իր հերթին, կուսակցական դասի գերակշիռ մասն այս ամիսներին խոսեց ու արեց ինչ ասես, բայց այդպես էլ նման պահանջ չներկայացրեց կառավարությանն ու խորհրդարանին:
Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մի վերջին հնարավորությունն էր Հայաստանին՝ դերակատարում ունենալ ռուս-թուրքական կաղապարից դուրս: Եթե Հայաստանը ցույց չի տալիս սուբյեկտության նշաններ, քաղաքական համարժեքություն, արժանապատվություն ու սեփական իրավունքների պաշտպանության ազդակներ, ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցելու «հայանպաստ որոշումները»: Ավելին, նման որակներից զուրկ համակարգերը դառնում են քաղաքականության օբյեկտ՝ դրանից բխող հետեւանքներով:
Հայկական իշխող ու ռուսամերձ շրջանակների այս ամիսներին դրսեւորած վարքն ու «գաղափարաբանությունը» հանգում են հենց քաղաքականության օբյեկտին, ի ցույց դնելով քաղաքականության ու մասնավորապես Հայաստանի դեմ իրականացվող պլանի հանդեպ կենցաղային պրիմիտիվ պատկերացումները:
Ամեն ինչ հնարավոր է վերադարձնել, սակայն ոչ օբյեկտի կարգավիճակում: Կարող ուժերի համախմբում է պետք՝ հներ-նորեր տրագիկոմեդիայից դուրս:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					