Հայաստանում մոսկովյան սցենարով «երկբեւեռ» ընտրության նախընտրական սխեմային Լրագիրն արդեն անդրադարձել է: Ըստ դրա՝ ԱԺ մեծամասնություն պետք է կազմի Փաշինյան-Քոչարյան զույգը, գումարած մեկ ռեզերվայինը, որը պետք է լինի «Ռուսաստանի կառուցողական քննադատությունն» ապահովող տեղական կամ դրսից բերված խումբ: Ռուսամերձ առատ կուսակցություններն ապահովելու են «օժանդակ» գործառույթ ռուսական տափակ ձոներով:


Մոսկվան երկու նպատակ ունի՝ Լավրովյան պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանում եւ աշնանը Ռուսաստանում սպասվող Դումայի ընտրությունների համար ընտրական մեխանիզմների փորձարկումը: Բացի այդ, կարիք կա զսպել Հայաստանում հակագաղութային աճող տրամադրությունները:

Այս մեխանիզմի իրականացումը համեմատական հաղթանակ է ապահովում Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանին իշխանության պահելը հենց այն է, ինչ պետք է Մոսկվային՝ Հայաստանի դեմ իր ծրագրերը շարունակելու համար: Փաշինյանը դարձել է չափավոր ու վերահսկելի, միեւնույն ժամանակ ռուսական եւ նրան ձայնակցող հայկական զլմ-ների քարոզչության ջանքերով կրում է «սորոսական, թուրք Նիկոլ» պիտակները, ինչը Ռուսաստանին ազատում է Հայաստանի հանդեպ որեւէ պարտավորությունից (այս քարոզչությունն իրականացնողները պետք է լավ հիշեն, թե ինչի տակ են մտել)՝ Հայաստանի ամբողջականության ու ինքնիշխանության դեմ իր ծրագրերում: Իսկ Քոչարյանն ու ռեզերվայինը խորհրդարանում կատարելու են «մահակի» դերը Նիկոլ Փաշինյանի չափավորությունն ապահովելու համար:


Այս հանգամանքների ուժով Քոչարյանը վարչապետի ամենաանհարմար թեկնածուն է Մոսկվայի համար՝ իր անթերի ռուսականության եւ Պուտինի հետ քիմիայի պատճառով: Եթե նա դառնա երկրի ղեկավար, Մոսկվան իր հակահայ քաղաքականությունն արդարացնելու բարդություններ է ունենալու: Բանն այն է, որ եթե արդեն տեղի ունեցածը կարելի է բարդել Նիկոլի «սորոսականության» վրա, ապա հետագա պլանավորված գործողությունները նրա վրա բարդելը դառնում է խնդրահարույց, մանավանդ որ Քոչարյանն արդեն խոստացել է «արժանապատիվ խաղաղություն»:

Հայ ընտրողն ունի մոսկովյան գաղութարար պլանները խորտակելու հնարավորություն: Ընդ որում, տարբերակները մի քանիսն են: Դրանցից մեկը Քոչարյանի դաշինքի օգտին համատարած քվեարկությունն է եւ նրան իշխանության բերելը: Մոսկովյան ու երեւանյան «տովարիշչները» սրտի կսկիծով ու լուրջ դեմքերով ասում էին, որ այս աղետի պատճառը Ռուսաստանի հետ վատ հարաբերություններն էին Նիկոլի օրոք: Ուրեմն, պետք է վերացնել այդ պատճառը եւ ստեղծել իրավիճակ, որտեղ բոլորը կներկայանան իրենց դեմքով, եւ ամեն ինչ պարզ դառնա:

Այլ տարբերակների մասին կխոսենք առաջիկայում:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/11/640841/