Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը եղել է հագեցած, քննարկվել են դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը միտված մի շարք կարեւոր հարցեր, ընդունվել առանցքային որոշումներ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհուրդը։

«Հավատարիմ մնալով դատական իշխանության նկատմամբ որդեգրած՝ ապատեղեկատվությունը լուրի տեղ մատուցելու անհեռանկար գործելաոճին, էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, օրեր առաջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստին, հրապարակել իրականության հետ աղերս չունեցող, ուղղորդված լրատվություն՝ պիտակավորելով ժողովի ընթացքը, դատավորներին, իրավունք վերապահել մասնակիցների իբրեւ մեծամասնության անունից գնահատականներ հնչեցնել:


Կարեւորելով հանրության առջեւ հաշվետվողականությունը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգի եւ ընթացքի վերաբերյալ հասարակությանը օբյեկտիվ ու ճշմարտացի տեղեկատվություն տրամադրելու, ապատեղեկատվությունից զերծ պահելու նպատակով, հարկ ենք համարում իրազեկել, որ սույն թվականի մայիսի 7-ին հրավիրված ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցել է 163 դատավոր (քվորումն ապահովելու համար պահանջվում էր 115 դատավորի ներկայություն):

Ժողովի մասնակցի կողմից առաջարկվել է օրակարգում ընդգրկել լրացուցիչ հարց, որը քվեարկությամբ մերժվել է:

Ընդհանուր ժողովի օրակարգը եղել է հագեցած, քննարկվել են դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը միտված մի շարք կարեւոր հարցեր, ընդունվել առանցքային որոշումներ:

Նիստն անցել է կառուցողական, աշխատանքային բազմակարծության մթնոլորտում:

Ընդհանուր Ժողովի ընթացքում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի կողմից հրապարակվել է խորհրդի ուղերձը՝ հասցեագրված հանրապետության դատավորներին՝ կարեւորելով կառուցողական եւ փոխգործակցված աշխատանքը»,- նշվում է հայտարարության մեջ։