Նախորդ հոդվածում անդրադարձել էինք մոսկովյան սցենարով «երկբեւեռ» ընտրության նախընտրական սխեմային, ըստ որի ԱԺ մեծամասնություն պետք է կազմի Փաշինյան-Քոչարյան զույգը, առաջինի համեմատական հաղթանակով եւ վարչապետի պաշտոնի պահպանմամբ: Փաշինյանն ամենահարմար ֆիգուրն է Մոսկվայի համար՝ նա դարձել է չափավոր ու վերահսկելի, միաժամանակ կրում է «սորոսականի» պիտակը, ինչը Ռուսաստանին ազատում է Հայաստանի հանդեպ որեւէ պարտավորությունից, եւ որով Կրեմլի սազանդարներն արդարացնում են Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականությունը: Այդ առումով, Քոչարյանի վարչապետությունը ձեռնտու չէ ռուսներին, քանի որ նա ամենառուսական ֆիգուրն է, եւ այդ դեպքում հարկ կլիներ նոր քարոզչական կաղապարներ մտածել, որի հավեսն ու ժամանակը Մոսկվան չունի: Քոչարյանի գործառույթը խորհրդարանում լինելու է Փաշինյանին վերահսկելը՝ ռուսական ծիրում պահելու համար:


Մոսկվան Հայաստանի դեմ իր քաղաքականությունը շարունակելու եւ թուրքերի հետ համաձայնությունները լեգիտիմացնելու կարիք ունի եթե ոչ Մինսկի խմբում, որի արեւմտյան անդամներն առայժմ մերժում են Մոսկվային, ապա Հայաստանի խորհրդարանում: Եռակողմ հայտարարությունը պետք է ամրագրվի այսպես կոչված միջպետական պայմանագրերով, որոնք վերաբերում են սահմաններին ու տրանսպորտային միջանցքներին, եւ որի մասին հստակ հայտարարեց Լավրովը Երեւանում ու Բաքվում:


Թե Նիկոլ Փաշինյանը, թե Քոչարյանն իրենց հավատարմությունն են հայտնել Ռուսաստանի ծրագրերին: Նիկոլ Փաշինյանը խոսում է Ռուսաստանի հետ անվտանգության նոր համակարգի ստեղծման, բանակը ռուսների հետ արդիականացնելու եւ այլնի մասին: Իսկ նախորդ համակարգերն ու բանակի արդիականացումներն ի՞նչ եղան:


«Հիմա ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին: Եթե երկրի վիճակը լավ լիներ, իսկ մասնավոր ընկերությունում աշխատանքն այնքան հետաքրքիր էր, երբեք մտքովս էլ չէր անցնի վերադառնալ: Բայց անտարբեր մնալ այս վիճակում, ասել՝ դե լավ, մեկն այս հարցը կլուծի: Ես չեմ տեսնում, որ կլուծի: … իմ տպավորությամբ այս վիճակի համար ամենից համար, կենսագրություն, փորձ ու գիտելիք ունեցող մարդկանցից եմ», նախընտրականի մեկնարկին իր համակիրների հետ հանդիպմանն անկեղծացել էր Քոչարյանը:

Նա խոսել էր «արժանապատիվ խաղաղության հասնելու» մասին, բայց այդպես էլ չէր հայտարարել, որ խորհրդարանում բարձրացնելու է Արցախի վերամիավորման կամ ճանաչման հարցը: Ո՞րն է «արժանապատիվ խաղաղությունն» այս դեպքում, երբ Մոսկվան հստակ հայտարարել է եռակողմ հայտարարության իրագործումից հետո Արցախի՝ իր վերահսկողության տակ գտնվող մասը Ադրբեջանին «վերաինտեգրելու» մասին:

Ռուսաստանի ծրագրերի վերաբերյալ հստակեցումները տեղի ունեցան Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպված երկու համաժողովներում. դրանցից առաջինը նվիրված էր Հայաստանում «երբեւեռ ընտրությանը», երկրորդը՝ Հայաստանի ինքնիշխանության վերացմանը: Դրանք բնականաբար փոխկապակցված են:

Նախորդ հոդվածում ռուսական այս սխեմաներն ընտրության քվեարկությանը տապալելու մի տարբերակ էինք առաջարկել՝ համատարած քվեարկել Քոչարյանի դաշինքի օգտին, որը կխառներ այս սխեմաները եւ Ռուսաստանին ու նրա սազանդարներին կզրկեր արդարացուցիչ փաստարկներից:

Մեկ այլ տարբերակ. ըստ հարցումների՝ հանրության 70 տոկոսը չի համակրում որեւէ ուժի եւ չի պատրաստվում մասնակցել ռուսական այս թատրոնին: Մեր հանրության այս անկասկած ողջախոհ մեծամասնությունը, որն անհաղորդ մնաց նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ-Հայրենիքի փրկության շարժում թամաշային (ափսոս Վազգեն Մանուկյանը), դրանով Հայաստանը զերծ պահելով ավելի վատթարից, կարող է մասնակցել ընտրությանը եւ փաթեթով մերժել հակահայ ծրագրերի ներքին մասնակիցներին՝ ոչ մի ձայն չտալով Փաշինյան-Քոչարյան տանդեմին եւ բոլոր այն ուժերին, որոնք մաս են կազմել այսպես կոչված Հայրենիքի փրկության շարժմանը:

Մյուս տարբերակի մասին կխոսենք առաջիկայում:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/12/641112/