««Ժողովուրդ»– ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզում կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արմեն Կարապետյանն այս օրերին զբաղված է իր գործերը «դասավորելով»։
Բանն այն է, որ դեռևս 2008թ. համայնքի ընտրություններում Արմեն Կարապետյանը պարտվեց դաշնակցական Արթուր Աթայանին, ում այն ժամանակ սատարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Ու այդ օրվանից «լարվել» են Մ. Հակոբյանի ու Կարապետյանի փոխհարաբերությունները։ Բայց, քանի որ հիմա՝ արդեն կանխատեսելի ընտրությունների արդյունքում Կարապետյանը պատգամավոր դառնալուց հետո մարզում աշխատելու է Մ. Հակոբյանի և նրա որդու՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, արդեն սկսել է քայլեր ձեռնարկել՝ «հարթելու» առկա լարվածությունը։ «Ժողովուրդ»–ին հասած լուրերի համաձայն, Կարապետյանն անգամ Երևան է եկել ու հանդիպել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել Մ. Հակոբյանի հետ։
Իհարկե, Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, մի կողմ դնելով անցյալը, առանձնապես վատ վերաբերմունք չի դրսևորել Կարապետյանի նկատմամբ վերջին շրջանում, սակայն Կարապետյանը լավ գիտի, որ, եթե հայր Հակոբյանի հետ չհաշտվի, տուժելու է։
Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց տեղեկության իսկությունը պարզել պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը Երևան է եկել իր երեխաներին տեսնելու նպատակով ու որևէ հանդիպում չի ունեցել «բարիշելու» թեմայով։ Մեր հարցին, թե ցանկանո՞ւմ է հանդիպել Մ. Հակոբյանի հետ, վերջինս անընդհատ պատասխանում էր, թե հարցը չի լսում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: