Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին իր ելույթում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր»։ Միեւնույն ժամանակ, նա հայկական կողմի պատասխան գործողությունների բացակայությունը փորձել է բացատրել նրանով, որ «ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ… մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»:
Երեկ տեղեկություն եղավ, որ ռուս զինվորականները բանակցել են թուրքերի հետ, ավիացիա են օդ բարձրացրել, եւ թուրքերն իբր հեռացել են: Սակայն պարզվեց, որ ուշ երեկոյան դրությամբ դեռ չէին հեռացել:
Հայաստանի տարածքը ՌԴ եւ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքն է: ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ է հրադադարի ռեժիմի վերաբերյալ, ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա, նման միջադեպեր էլի են լինելու եւ դրանք պետք է հանգուցալուծել բանակցությունների միջոցով: Ըստ նրա, հրադադարը Հայաստանին անհրաժեշտ է կորուստները վերականգնելու շանս ունենալու համար:
Փաստացի, նա ասում է, որ ՀԱՊԿ-ին դիմելը նշանակելու է, որ զինադադարի ռեժիմը դրվելու է կասկածի տակ, քանի որ տեղի է ունեցել ներխուժում Հայաստանի տարածք:
Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու, եթե թուրքերը չհեռանան, կամ հեռանալու համար ինչ որ պայման դնեն: Իսկ որ դնելու են՝ որեւէ կասկած չկա. դա են վկայում ներխուժմանը նախորդած Մոսկվա-Բաքու ներդաշնակ հայտարարություններն ու սպառնալիքները միջանցքը բացելու վերաբերյալ:
Սյունիքի օտարման փորձն Արցախի օրինակով երեկվանից գործնական փուլ է մտել: Մոսկվան ու Բաքուն շտապում են, դա են վկայում Ալիեւի նյարդային պահանջները սահմանները ճշտելու եւ միջանցքը բացելու հարցում: Անհանգստանալու ու շտապելու պատճառներ կան, որոնք կապված են ռեգիոնում նոր զարգացումների հետ: Հաղորդակցությունների ապաշրջափակման անվան տակ իրականացվում է Հայաստանի լիակատար շրջափակման ծրագիրը, հարավում Իրանի հետ Հայաստանի սահմանը փակելու եւ ռուս-թուրքականին այլընտրանք Հյուսիս-հարավ միջանցքը թույլ չտալու համար, ինչը զուտ միջանցքի խնդիր չէ, այլ աշխարհքաղաքական նոր վեկտոր, որը սպառնում է Մոսկվայի ու Անկարայի շահերին, սակայն ճեղքման հնարավորություն է Հայաստանի համար:
Սյունիքում նոր սադրանքներ են սպասվում, այդ թվում ռազմական նման ներխուժումների ձեւով: Դրանք մի կողմից հոգեբանական լուրջ ճնշում են Հայաստանին զիջումներ պարտադրելու հարցում, մյուս կողմից՝ խորացնում են պաշտպանության տեսակետից արդեն իսկ խոցելի հայկական դիրքերը: Դրանք առայժմ «չեն զուգորդվելու հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ», որպեսզի պահպանվի Մոսկվայի ալիբին:
Սյունիքի մարզում իրավիճակը կարելի է շրջել, եւ դա է քաղաքականության էությունը: Եթե արձանագրվում է Հայաստան զինված ներխուժման փաստը, նշանակում է եռակողմ հայտարարություններն ու այլ պայմանավորվածությունները չեն գործում: Երեւանը պարտավոր է դիմել ՄԱԿ-ին, Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին, այլ կառույցների՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի փաստով: Եթե Մոսկվան ու Բաքուն համարում են, որ նման տարածք չկա, քանի որ սահմաններ չկան ու նոր պետք է ճշտվեն, նշանակում է Ադրբեջան տարածք էլ չկա եւ առավել եւս Արցախը Ադրբեջանի տարածք չէ:
Այս առումով, Հայաստանը նաեւ գործողությունների առիթ է ստացել ռազմական իմաստով: Մովսես Հակոբյանն, օրինակ, իրավացիորեն ասում է, որ եթե ադրբեջանցիները սահման են հատել, նրանց կարող են գերեվարվել:
Նախաձեռնություններից ու սեփական իրավունքների պաշտպանությունից շանտաժի ու սպառնալիքի ազդեցության տակ հրաժարվելու այլընտրանքը ո՞րն է: Հայաստանի քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են այսպես կոչված ընտրություններին մասնակցելու մասին, նույն պահից ուղիղ պատասխանատվություն են կրում հետագա զարգացումների համար (իսկ գուցե Մոսկվան այդ ընտրությունները նախաձեռնել է հենց Սյունիքի հարցերը լուծելու նպատակով): Ռուսական բարեհաճությանն արժանանալու մոտիվացիան կապ չունի Հայաստանի շահերի հետ, բացի այդ էլ՝ նման բարեհաճություն չի լինելու: Հայաստանն այս իրավիճակից կարող է դուրս գալ, եթե կառավարությունը եւ քաղաքական դասը գծեն ներքին դիմակայության կարմիր գիծը եւ կոնսենսուսի գան դիմադրության հարցում: Քանի դեռ ուշ չէ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					