Սյունիքի մարզում զինված ներխուժման կապակցությամբ հեռախոսազրույցում Լավրովն ու Բայրամովը, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, «Ռուսաստանի կողմից, ինչպես եւ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը»:


Պաշտոնական հաղորդագրությունից ստացվում է՝ Լավրովը զանգել է Բայրամովին եւ Ռուսաստանի ու Հայաստանի անունից հաստատել այդ երկու թղթերի կատարման պատրաստակամությունը։ Նկատենք՝ հաղորդագրության մեջ նման պահանջ չի դրվել Բաքվի առաջ։ Այսինքն, Լավրովը զեկուցում է Բայրամովին Բաքվի պահանջը կատարելու մասին։

Սյունիքի իրադարձություններին նախորդած Լավրովի ու Ալիեւի հայտարարություններին բազմիցս անդրադարձել ենք։ Ալիեւը պահանջել էր միջանցքի բացումը եւ բարձրացրել հայկական կողմից ռեւանշի մասին հայտարարությունների հարցը, Լավրովը Ալիեւին հավաստիացրել էր, որ հայկական կողմից «ռազմական ասպեկտները փակ են»։ Դրանից հետո տեղի ունեցավ ներխուժումը Հայաստանի տարածք՝ միջանցքի բացումը պարտադրելու համար։

Հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականում Հայաստանի լիակատար մեկուսացումն է։ Զուր չէ, որ օրինակ Ղազախ-Իջեւան երկաթուղին գործարկելու հայկական առաջարկը, ինչպես նաեւ այլ առաջարկները մերժվում են։

Սակայն սա միայն միջանցքի ու սահմանների դելիմիտացիայի հարց չէ որպես այդպիսին, որովհետեւ սահմաններ չկան։ Հղումները խորհրդային քարտեզներին պարզապես աչքակապություն են, քանի որ խորհրդային տարիներին Հայաստանի սահմանները շարունակաբար փոքրացել են կամայական բաժանումներով։ Տեղի է ունենում Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանի հանդեպ, որով նախ վերջնականապես օտարվում է Արցախը, ընթացքի մեջ է նույն տեխնոլոգիաների կիրառումը Սյունիքի մարզում՝ անկանոն պատերազմի բոլոր տարրերով։

Սյունիքի մարզի երեկվա իրադարձությունները փլուզեցին «Ռուսաստանի հետ անվտանգության նոր համակարգ կառուցելու» եւ «Սյունիքի սահմանագիծը Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին համապատասխանեցնելու» վերաբերյալ Հայաստանի իշխանության պատրանքները։ Ռուսական կամ ՀԱՊԿ զորքը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության ու ամբողջության երաշխավորն է, այլ ռուս-թուրքական համաձայնությունների։

Սյունիքի իրադարձությունները ազատում են Հայաստանի ձեռքերը․ ճիշտ եւ համարձակ քայլերի պարագայում հնարավոր է շրջել իրավիճակը ոչ միայն Սյունիքի եւ Արցախի, այլեւ ավելի լայն շրջագծով։ Հայաստանը պետք է հստակ հայտարարի իր դեմ ագրեսիայի եւ եռակողմ հայտարարության՝ շանտաժով ու սպառնալիքներով Հայաստանին պարտադրելու մասին։ Եվ առաջին հերթին՝ ինքնապաշտպանվի։

Սա վերաբերում է ոչ միայն կառավարությանը, այլեւ քաղաքական դերակատարության հավակնություն ունեցող ուժերին։ Ռուսական սցենարով «արտահերթ ընտրություններն» այն օպերատիվ ժամանակն է, որի ընթացքում Մոսկվան ու Բաքուն փորձելու են ավարտին հասցնել Հայաստանը Իրանից կտրելու եւ Հայաստանի տարածքը անվտանգության միջանցքներով մասնատելու ծրագրերը։ Ռուսական լափամանն ավելին չէ, քան Հայաստանի ճակատագիրը։ Քաղաքական դասը չափվելու է այս չափով՝ ուղիղ պատասխանատվությամբ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/14/641673/