Սյունիքի եւ Գեղարքունիքի դեմ ռուս-թուրքական ոտնձգության առիթով կարելի է վստահ պնդել, որ պայծառ համաստեղությամբ շրջապատված Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ թե փորձի բացակայությունն է, այլ կարեւոր ասպարեզներում փորձ ձեռք բերելու բուն ունակության բացակայությունը: Արդյունքում՝ Բաքվի շլացուցիչ հաջողություններն են ՀՀ սահմանին
Երաժշտական լսողությունից զուրկ մարդուն վստահվել էր սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության վահանակը 4 տարի փորձնական ժամկետով՝ գուցե վերջում մի բան գլուխ հանի: Երանի դա լիներ: Իրեն նախորդած երեք նախագահներն էլ, անշուշտ, աչքի չէին ընկնում պատմական փուլերի հերթափոխը ըմբռնելու, գավառական սահմանափակությունը հաղթահարելու, ռազմավարական ծրագրավորում իրականացնելու ունակություններով: Ավելին՝ չորսն էլ միաբերան պնդում էին, որ ստրատեգիան ավելորդություն է Հայաստանի համար: Ամբողջ քառյակը՝ համայնքային կարգի խմբային ինտրիգների մենեջմենթի ներկայացուցիչներ են:
Եթե նրանց հարցնեք՝ արդյոք նախատեսե՞լ էիք Սյունիքի սցենարի հավանականություն եւ դրա ղեկավարման միջոցներ, ապա, վստահ եղեք, չորսն էլ կասեին, թե ոչ, անսպասելի էր: Չէ որ Ռուսաստանը էս, համ էլ Ռուսաստանը էն, ախար կա միջազգայնորեն ճանաչված տարածք, իրավունքի նորմեր եւ այլն, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ պիտի արձանագրենք, որ այս չորսի հետ կողք-կողքի եւ միեւնույն ժամանակ ապրող աբշերոնյան վարչախմբին անպաճույճ հռետորաբանությամբ հաջողվել է ՀՀ տարածքի հալալ կեսի հանդեպ պատմական հավակնություն սահմանել:
Իսկ պիոներական արշավի եղանակով արդեն միանգամայն որոշակի եւ դեռեւս ամենեւին չսպառված տարածքները հաջողվեց հռչակել վիճարկելի: Ռազմական գործողությունները ՀՀ կողմից, համենայնդեպս Մոսկվայում, դիտարկվելու են իբրեւ 2020 Նոյեմբեր 9-ի հրադադարի խախտում: Այսպիսի պայմանավորվածությունը, դատելով Բաքվի նախորդ օրվա ծավալուն հայտարարությունից, ձեռք է բերվել նախարար Լավրովի եւ անմիջապես Կրեմլի հետ:
Սրանք հսկայական դիվանագիտական նվաճումներ են, որոնք Բաքվին թույլ են տալիս զարգացնել արդեն զինված նախաձեռնությունները բազմաթիվ ուղղություններով: Այսպիսով, հենվելով պատերազմի եւ հետպատերազմյա շրջանին վերաբերող Մոսկվա-Անկարա համաձայնությունների վրա, Բաքուն իրականացնում է բծախնդրորեն հաշվարկված ռազմավարական նախագիծ, որին միջազգային ասպարեզում դժվար կլինի դիմադրություն կազմակերպել: Հայաստան պետությունը ոչնչացնելու ռուս-թուրկական պլանի մասին է խոսքը, եթե կան մարդիկ, որ դեռ տարակուսում են, թե սա ինչ է:
Կա՞ այսպես կոչված «ադրբեջանը» մեկընդմիշտ մոռացնել տալու հայկական ծրագիր: Գոյություն ունի՞ Նիկոլ Փաշինյանի ռազմավարություն: Ժպիտը տեղին կլիներ, եթե արդեն 5000-ից ավել նվիրյալներ հայրենի հողում չհանգչեին, ու Հայաստանի հսկայական տարածք չասպատակվեր:
«Քաղաքական դասը», կեղծ բարիկադների տարբեր կողմերում դիրքավորված՝ մարդը մի բահ ձեռքին անխոնջ փորում է Հայրենիքի եղբայրական գերեզմանը: Մեր անտարբեր հայացքների ներքո: Ընտրություն անենք՝ ընտրություն չանենք, ռազմականը հանենք՝ ռազմականը մտցնենք, ՀԱՊԿ դիմենք՝ ՀԱՊԿ չդիմենք, միակ փրկիչ Պուտինին զանգենք՝ միակ փրկիչ Պուտինին չզանգենք միապաղաղ եւ կրկնվող շարժումները այդ դասի ողջ ընդունակությունն է: Մարդիկ ամլության հայտանիշով էլ ասպարեզ են եկել: Բայց, եթե կա գալը, գնալու ճանապարհն էլ կճարվի:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					