Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: «Մեզ խնդրել են համագործակցել, մեր զինվորականներն այդպիսի օգնություն են ցուցաբերել, պայմանավորվածություն ձեռք է բերվել», – նշել է նա։ Լավրովի խոսքերով, միջադեպից հետո ադրբեջանական կողմը հայտարարություններ է արել ՝ կատարվածը բացատրելով թյուրիմացությամբ և, որ ամենակարևորն է, սահմանի բացակայությամբ, որը պետք է սահմանազատվի և սահմանագծվի: «Դրանով ոչ ոք երբևէ չի զբաղվել, և մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք սկսեն նման աշխատանքներ, մենք պատրաստ ենք նրանց օգնել այդ հարցում ՝ տրամադրելով և քարտեզագրական նյութեր, և խորհրդատվական ծառայություններ», ավելացրել է ռուս նախարարը։
Երևանը թուրքերի Հայաստան ներխուժելու հետ կապված իրավիճակը համարել է ճգնաժամային և օգնության համար դիմել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, թեեւ Ֆրանսիայի նախագահը խորհուրդ էր տվել դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և նույնիսկ ռազմական օգնություն էր առաջարկում: Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմանները որոշելու լիազորությունները փաստորեն փոխանցել է Ռուսաստանին:
«Կա մեկ նրբություն․ վերջին օրերին ադրբեջանական կողմը պնդում է սահմանազատում կատարել երկկողմ ձևաչափով: Դա չի կարող տեղի ունենալ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ հաստատված չեն: Ինչպես կոմունիկացիաների բացումը, այնպես էլ սահմազատումը պետք է տեղի ունենան եռակողմ ձևաչափով», ասել է Փաշինյանը։
Ահա թե ինչն է գոհացնում Լավրովին։ Հայաստանը, որը պետք է իր սահմանների հետ կապված բանակցություններ վարեր սահմանակից պետության հետ, կամ հարցը բարձրացներ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մակարդակով, իր սահմանների որոշման մանդատը մատուցել է Ռուսաստանին։ «Պաշտպանությունից հրաժարվելու» նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ միանգամից զանգել է Շոյգուին, Զասին և ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարին։
Իսկ Մոսկվան ի՞նչ «քարտեզագրական նյութեր» կտրամադրի, որոնց հետ Երևանը ստիպված կլինի համաձայնվել։ Եթե քարտեզները Ռուսաստանի ձեռքին են, նա էլ կորոշի, թե որտեղով պետք է անցնեն սահմաններն ու միջանցքը։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/18/642570/