Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւիի եւ Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում։ Ռուդենկոն ԱՄՆ դեսպանի հետ չի զրուցել, քանի որ դիվանագիտական սկանդալից հետո դեսպանը վերադարձել է Վաշինգտոն։


Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Իրանն օրերս կոշտ դիրքորոշում են հայտնել Հայաստանի սահմանների իրավիճակի վերաբերյալ։ Ընդ որում, դա արել են Հայաստանի ու Ադրբեջանի հետ զրույցում՝ «չնկատելով» Ռուսաստանին։ Այս մոտեցումը վկայում է, որ Փարիզը, Վաշինգտոնն ու Թեհրանը չեն ճանաչում Ռուսաստանի ինքնահռչակ մանդատը։


Հավանաբար, դրանով է պայմանավորված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի ակտիվությունը մայիսի 19-20-ին Ռեյկյավիկում նշանակված հանդիպումից առաջ։ Խաղադրույքները բարձրացել են՝ Փաշինյանը տեղեկացրել է Մակրոնի առաջարկի մասին՝ Հայաստանին ռազմական օգնություն ցույց տալու մասին եւ շնորհակալություն հայտնել Բայդենին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ այն առանցքային քայլ անվանելով։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել է․ «Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջելով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից»:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Բաքվին ու Երեւանին կոչ է արել պայմանավորվել ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքից դուրս բերելու մասին։ Նա զրուցել է իր հայ ու ադրբեջանցի գործընկերներ Արա Այվազյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ «Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը», նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

Իրանը չի ընդունի տարածաշրջանի սահմանների որեւէ փոփոխություն։ Այս մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մոջթաբ Զոննուրը։ «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ», նշել է նա:

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները:

Երեք երկրների հայտարարություններում Ռուսաստանի մասին ոչ մի խոսք չկա։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/19/642741/