Երեկ՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։
Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։


Ինչ է լինելու առաջիկայում՝ ոչ ոք չգիտի, շարունակելո՞ւ ենք մուրալ թշնամու բարեգթությունը եւ բանակցություններին ներկայանալու մեծահոգությունը։
Հնարավո՞ր է՝ վաղը արթանանանք եւ պարզենք, որ թշնամին արդեն ոչ միայն Սյունիքի եւ Գեղարքունիքի ուղղությամբ է սահմանազատման աշխատանքներ կատարում, այլ նաեւ այլ հատվածներում՝ Տավուշ, Արարատ։


Կա՞ որեւէ գործընթաց կուլիսներում, թե՞ մեր իշխանությունները եւս հույսը դրել են թշնամու մեծահոգության վրա եւ ուրախանում են, որ ԶՈՒ-ն էական առավելություն ունի ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ։
Ընդամենը նախօրեին Պն-ն հայտարարել է, թե ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Ինչպես է տեսնում այժմ ՊՆ-ն խնդրի լուծումը, ուժի կիրառման մասին հայտարարությունը արդյոք ուժի մեջ է, թե ոչ։ Կա այս երկրում պաշտոնյա եւ գերատեսչություն, ով պատրաստ է շիտակ հայտարարել, թե ինչ իրավիճակ է սահմանին, որ հատվածներում, ինչ ռիսկեր կան, ինչ սցենարներ կարող են լինել։ Գուցե Ադրբեջանը չի հրաժարվում իր նախապայմաններից, որոնք բացարձակապես անընդունելի են Հայաստանի համար, գուցե մեր բանակը պատրաստ չէ ուժով հետ շպրտել թշնամուն, սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում։


Իշխանությունները շարունակում են լռել եւ տեղեկատվական բլոկադայի ենթարկել հանրությանը, իսկ սահմանին ապրող բնակիչը շարունակում է իր գլխավերեւում տեսնել Ադրբեջանի ծածանվող դրոշը, ապրել ահուսարսափի եւ մշտական վախի մեջ։ Իսկ ինչպես չվախենա, երբ անգամ միջազգային հանրության արձագանքն է գուժում մեր գլխին պատուհասած պատերազմի վտանգը։ Այսօր արդեն ԱՄՆ-ն եւ Լեհաստանը իրենց քաղաքացիներին կոչ են արել չայցելել Հայաստան եւ Արցախ։

Ի դեպ, սեպտեմբերին ԱՄՆ-ի նմանատիպ կոչից օրեր անց Արցախում սկսվեց պատերազմ։ Հետեւաբար՝ մեր իշխանության ներկայացուցիչները պարտավոր են բացատրել քաղաքացուն՝ ինչ սպասել այսօր եւ վաղը, եթե իհարկե, այդ վաղը գա։
Իրավիճակն այնքան էլ հանգիստ եւ հուսադրող չէ հենց միայն միջազգային հանրության արձագանքը հաշվի առնելով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արագացնում են հայ-ռուսական ռազմական փոխօգնության և ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման ընթացակարգը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հեռախոսազրույցները ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, որտեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան շատ հստակ ու միանշանակ հայտարարել էր, որ «ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ»։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էր առաջարկել սահմանային լարվածության հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, իսկ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Միթե այս արձագանքները չե՞ն վկայում, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռմխելությանը ուղիղ, անմիջական սպառնալիք կա, թշնամու ռազմական հռետորիկան այլեւս ոչ թե հոխորտանք է, այլ գործողություն, ինչը անգամ նկատում են միջազգային կառույցները, օտարերկրյա պաշտոնյաներ, որոնք առաջարկում են ռազմական օգնություն։

Իսկ մենք՝ Հայաստանում ապրողներս, ամենեւին էլ անտեղյակ, շարունակում ենք ապրել ամենքս մեր կյանքով, ընտրություններով, օրվա հոգսերով՝ չկանխատեսելով անգամ, որ ԱՊԱԳԱ չկա, իսկ ՆԵՐԿԱՆ ծանր է։ 

Աղբյուր՝ https://armdaily.am/?p=137992&l=am