Ուղևարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից անմիջապես հաջորդ օրը մի խումբ ակտիվիստներ քաղաքապետարանի դիմաց  սկսեցին իրականացնել իրենց հաջորդ ակցիան, որն էլ վերածվեց անժամկետ նստացույցի:

Թե ինչը կամ ով է կանգնած այս ամենի ետևում, թե քաղաքական և թե հասարակական գործիչների կողմից  տարակարծիք մեկնաբանություններ են հնչում:

Ինչպես  YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը, խոսելով այս կամ այն պայքարի վերաբերյալ, շատերն այն համեմատության մեջ են դնում արդյունքի հետ:

Ըստ նրա, եթե անգամ այս պահին երիտասարդների պայքարի արդյունքը տեսանելի չէ, ապա նրանք ովքեր խորհուրդ են տվել դա անել, չեն կարող հստակ ասել, դա արդյունք կունենա, թե ոչ:

Ինչ վերաբերում է ակտիվիստների կողմից պաշտոնյաների նկատմամբ արված վիրավորական արտահայտություններին, Ս. Սաֆարյանը նշեց.

 «Քաղաքական սատիրան չպետք է անցնի անձնական վիրավորանքների հարթություն: Դա ընդունելի չէ»:

Նշենք, որ երիտասարդ ակտիվիստները արդեն մոտ 20 օր է, ինչ  քաղաքապետից պահանջում են պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին: Ինչպես երևում է, երիտասարդները չեն պատրաստվում հանձնվել և կշարունակեն պայքարել մինչև վերջ: