Ապշերոնյան վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն ներկայում հնարավորություն ունի զենք գնել ԱՄՆ-ից, քանի որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, եւ նախագահ Բայդենը կարող է շարունակ երկարաձգել 907 ուղղումը չեղարկող որոշումը: Բայդենի որոշումը արտացոլումն է այն փաստի, որ Փաշինյանի օրոք ինքնիշխան Հայաստան երկրագնդի քարտեզին չկա, իսկ վակուումը պետք է այսպես թե այնպես լցվի:
Զենք գնելը միայն բազմամիլիարդանոց բիզնես առաջարկ չէ ամերիկյան արտադրողներին: Բաքուն շտապում է Հայաստանի հետ սահմանների դեմարկացիայի հարցում, ինչը հնարավորություն կտա լեգիտիմացնել եռակողմ հայտարարությունը որպես կարգավորում եւ փակել Ղարաբաղի խնդիրը: Հայաստանի դեմ ռազմական ներխուժումները հետեւեցին Նախիջեւանից Ալիեւի հիստերիկ հարցազրույցին, որում նա ռուսներին գանգատվում էր գործընթացի դանդաղությունից եւ Հայաստանում ռեւանշի կոչերից: Մոսկվան շտապեց երաշխիքներ տալ Բաքվին, որ Հայաստանից ռազմական բաղադրիչը բացառվում է, սահմանների հարցն էլ լուծելի է: Օրերս արդեն հրապարակվեց սահմանազատման հարցերով եռակողմ հայտարարության նախագիծը, որից հետո Բաքուն շարունակեց ռազմական սադրանքները:
Այսպիսով, ԱՄՆ-ից զենք գնելու հայտարարությունը մի կողմից փորձ է մեղմելու ԱՄՆ-ի ու Արեւմուտքի դիրքորոշումը՝ Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման, եռակողմ հայտարարությունը չընդունելու եւ Հայաստանի ամբողջականության պաշտպանության, ինչպես նաեւ գերիների անվերապահ վերադարձի վերաբերյալ:
Մյուս կողմից, Բաքուն հնարավորություն ունի դուրս գալ Մոսկվայի պրոքսի-գործիքի դերից, հատկապես վերջին իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանն այլեւս հայտնվեց Հայաստանի դեմ բացահայտ թշնամական դերում: Այլ կերպ ասած, Սիրիայից հետո նաեւ Հայաստանում նախագահ Պուտինը ինքն իրեն ծուղակն է գցել: Խնդիրը թուրքական ծուղակը հայկականով լրացնելն է: Սրա այլընտրանքը տոտալ հայրենազրկումը կլինի:
Ներկայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Բաքուն կարող է ավելի հեռուն գնալ եւ պարզապես չկատարել Մոսկվայի հրահանգները, նրան մեն-մենակ թողնելով Հայաստանի դեմ: Դա անշուշտ բարդ սխեմա է, սակայն նկատի ունենալով համաշխարհային միտումները՝ հավանական: Դա է Բաքվին հուշում Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների փորձը:
Երեւանը կարող է միայն ողջունել Բաքվի նման քայլը, սակայն դա այլ, փորձառու մասնագետներից բաղկացած կառավարության անելիք է: