ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հայտարարել է «Հյուսիսային հոսք 2» նախագծում ներգրավված որոշ ընկերությունների, ինչպես նաեւ գազատարի կառուցմանը մասնակցող մի շարք նավերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, գրում է DW-ն:
Նախարարության որոշմամբ` պատժամիջոցները տարածվել են «Ակադեմիկ Չերսկի», ինչպես նաեւ «Արտեմիս օֆշոր», «Բախտեմիր», «Բալթյան հետազոտող», «Ֆինվալ», «Կապիտան Բեկլեմիշեւ», «Մուրման», «Նարվալ», «Սիվուչ», «Փրկարար Կարեւ», «Ումկա», ինչպես նաեւ «Վլադիսլավ Ստրիժով» եւ «Յուրի Տոպչեւ» նավերը: Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարության ցուցակում ներառված են «Ծովային փրկարարական ծառայություն» դաշնային պետական բյուջետային ինստիտուտը («Մորպաս»), «Մորտրանսսերվիս» ՍՊԸ-ն, «Սամարայի ջերմաէներգետիկ գույքային հիմնադրամ»ԲԲԸ-ն, ինչպես նաեւ` «ԿՈՔՍՈՀԻՄՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն:
Հրապարակված ցուցակում ներառված չէ «Հյուսիսային հոսք 2» գազատարի Nord Stream 2 AG օպերատոր ընկերությունը: Ավելի վաղ` մայիսի 19-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը սահմանել եւ անմիջապես կասեցրեց պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2» նախագծի օպերատորի եւ դրա գլխավոր գործադիր տնօրեն Մաթիաս Վարնիգի նկատմամբ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի` Կոնգրես ուղարկված զեկույցում: Վաշինգտոնն իր դիրքորոշումը բացատրել է «ազգային շահերով»: