Սիրիայում փորձարկվել է սպառազինության ու հատուկ տեխնիկայի 300 տեսակ: Այս մասին հարցազրույցում նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:


«Արդյունքում մեզ ի՞նչ տվեց Սիրիան: Պարզվեց, որ սպառազինության վերցված ու փորձարկում անցած զենքն, ըստ էության, այդպիսին չէր: Արդյունքում մենք գրեթե մեկ ու կես տասնյակ զինատեսակներ հանեցինք սպառազինությունից եւ դադարեցրինք դրանց արտադրությունը», – ասել է նախարարը:

Ռուսաստանը չի թաքցնում, որ իր սահմաններից դուրս ռազմական գործողություններին մասնակցությունը սպառազինության «պրոմոութ» է, զենքի վաճառքի նոր շուկաների որոնում, իսկ այդ երկրները՝ զենքի փորձադաշտ:

Ի՞նչ է անելու Ռուսաստանը արտադրությունից հանված տոննաներով մետաղաջարդոնը: Միգուցե հենց այդ սպառազինությունն է նախատեսված «Ռուսաստանի հետ հայկական բանակի արդիականացման» համար, ինչպես ազդարարել է Վաղարշակ Հարությունյանը:

Ռուսաստանն արցախյան պատերազմի ժամանակ փորձարկե՞լ է նոր զինատեսակներ: Իսկանդերի հետ, օրինակ, խնդիրներ ու սկանդալ առաջացան: «Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ ունի. վարկաբեկվում է ռուսական սպառազինությունը, եւ դա ամենասարսափելին է այս պատմության մեջ», ասել է ռուս ռազմական առաջատար փորձագետներից մեկը:

Շոյգուն որպես ռուսական զենքի որակի վերաբերյալ հաշվետվություն ցույց կտա՞ Արցախում ավերված տները:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/23/643697/