Ինչպես հաղորդում է ադրբեջանական Aze.az գործակալությունը Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի Գաբալայի գագաթնաժողովի հայտարարագրում ներառված է նաև հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

Հայտարարագրում նշված է, որ թյուրքախոս պետությունները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին Ադրբեջանի Հանրապետության միջազգային ընդունված սահմանների շրջանակներում:

Փաստաթղթի համաձայն հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեծ խնդիր է, որը խոչընդոտում է տարածաշրջանում կայունությանը և համագործակցությանը:

Թյուրքախոս պետությունները իրենց աջակցությունն են հայտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

Նշենք, որ Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհուրդի III գագաթնաժողովը տեղի է ունենում Ադրբեջանում Գաբալա քաղաքում:

Առաջին գագաթնաժողովը տեղի էր ունեցել 2011 թվականին Ալմաթայում Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ և նվիրված էր տնտեսական համագործակցության հարցերին: Գագաթնաժողովի արդյունքում ստորագրվել էր Ալմաթայի հայտարարագիրը:

Նշենք, որ թյուրքախոս պետությունների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին: Նրա մեջ մտնում են չորս պետություն Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը: