Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանի վարչական շրջաններ կատարվող աշխատանքային շրջայցերից հերթականը Աջափնյակ վարչական շրջանում էր, որտեղ քաղաքապետը ծանոթացել է շինարարության և բարեկարգման 2013 թվականի ծրագրով իրականացվող աշխատանքներին:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ հետևել է Մարգարյան փողոցի 37 հասցեում կառուցվող բազմաբնակարան նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին, որը նախատեսված է նույն հասցեում ապամոնտաժված 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու համար: 

Առանձնահատուկ կարևորելով 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի խնդիրը` Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բնակարանաշինության հարցն ընդգրկվել էր շինբարեկարգման տարեկան ծրագրերում: 

Շրջելով հարկաբաժիններով՝ քաղաքապետը ծանոթացել է բնակարանների պայմաններին: 10 բնակելի և 1 հասարակական նշանակության հարկեր ունեցող շենքն ունենալու է 3 մուտք: Շինարարը զեկուցել է, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն, նաև տեղեկացրել, որ ընթացքի մեջ են շինմոնտաժային և հարդարման աշխատանքները: Շրջելով և ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել  է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև հարակից տարածքի բարեկարգման  ուղղությամբ: 

Հալաբյան 55-ի բակային պուրակում ևս կատարվել էին բարեկարգման համալիր աշխատանքներ, որի շնորհիվ թե երեխաների և թե մեծերի համար ստեղծվել են բոլոր հարմարությունները: Տեղադրվել են մանկական ժամանակակակից խաղային ատրակցիոններ, ամառային բացօթյա ու նաև փակ զրուցարաններ, նստարաններ ու աղբամաններ: