«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հակառակորդը 15 օր է՝ շարունակում է մխրճված մնալ հայ-ադրբեջանական սահմանից ներս՝ մեր տարածքում, ու անգամ սահմանին զոհ ունեցանք, ՀՀ ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաներ միմյանց հետ անհամաձայնություն ունեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այդքան էլ լավ չեն ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը որեւէ քայլ անելուց առաջ չի քննարկում նախարարի հետ, այլ ոնց ճիշտ է համարում, այդպես էլ անում է՝ նախարարին, որպես կանոն, շրջանցելով։

Անգամ այս իրավիճակի մասին տեղյակ են պահել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ ԳՇ-ի եւ նախարարի հարաբերություններն այդքան էլ լավ չեն, բայց վարչապետը քայլ չի ձեռնարկել ՊՆ-ում սուբորդինացիան կարգավորելուհամար։ Ի դեպ, նախարարությունում տարածված մեկ այլ խոսակցության համաձայն էլ՝ նախարարության թիվ մեկ մարդը ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանն է, ու նա է նախարարությունում շատ հարցերի լուծում տալիս կամ կառավարում:


Ասել է թե՝ ՊՆ-ի ստվերային կառավարիչը Արշակ Կարապետյանն է, որը անկախ է ԳՇ պետից ու նախարարից։ Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը մինչ հեղափոխությունը Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնին էր, իսկ հեղափոխությունից հետո վարչապետի խորհրդական էր»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում