«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ լրացավ կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրած ուժերի մեծաքանակությունը շատերին է զարմացրել, քանզի, ըստ փորձագետների, իրականում մրցունակ է առավելագույնը 7-8 ուժ: Ինչևէ, ընտրական գործընթացը թևակոխեց նոր փուլ, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, որքան ընտրությունները մոտենում են, իշխանություններն այնքան ավելի են մտահոգվում սեփական վարկանիշի օրեցօր անկման համար։

Ավելին, մեր տեղեկություններով, իշխանությունը, պարբերաբար սոցհարցումների շարք է իրականացնում, որպեսզի հասկանա, թե տեղի ունեցող ներքին և արտաքին գործընթացների ֆոնին վարկանիշի ինչ «ամպլիտուդ» ունեն։


Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս «ներքին օգտագործման» հերթական հարցումներն են իրականացրել, և պարզ է դարձել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հետևողական անկում է ապրել, դրան հակառակ՝ էականորեն բարձրացել է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։

Ավելին, մենք տեղեկություն ունենք նաև, որ, ըստ այդ հարցումների, ներկա դրությամբ ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել պատրաստվողների հարաբերակցությունը գրեթե հավասար է՝ դաշինքի 2 տոկոս առավելությամբ: Սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին, որը, մեր տեղեկություններով, հանձնարարել է ավելի մեծ թափով հակաքարոզչություն իրականացնել «Հայաստան» դաշինքի դեմ և հնարավոր ու անհնար ձևերով «կեղտ բռնել» նախընտրական գործընթացների առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում