Եռակողմ նոր փաստաթղթի «արտահոսքի» կապակցությամբ Մոսկվայի նյարդային արձագանքը Հայաստանի դեմ նոր գրոհի նախանշան էր, ինչը երկար սպասեցնել չտվեց՝ սահմանին հայ զինծառայող սպանվեց, այսօր 6 հայ զինվորներ գերեվարվեցին, իսկ ռուսական կողմը խոչընդոտեց նրանց ազատելու գործողությունը։


Միեւնույն ժամանակ, Մոսկվայի բացեիբաց քայլերը Հայաստանի դեմ տրամադրությունների կտրուկ ու անդառնալի փոփոխություններ են առաջացրել։ Դրանք գագաթնակետին են հասել Հայաստանի սահմաններին զինված հարձակումների եւ Մոսկվայի կողմից իր դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու արդյունքում։

Նոր գրոհի նախօրեին Մոսկվան շրջանառության մեջ դրեց մի շարք քարոզչական թեզեր, որոնց իմաստը հետեւյալն է․ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունները փաստի առաջ են դնում Ռուսաստանին, քանի որ Պուտինը տեղյակ չէր դրանց, Ռուսաստանը գործում է Հայաստանի կառավարության որոշումների շրջանակում, ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին դիմելը նպատակ ուներ անհարմար իրավիճակում դնել Պուտինին: Դա յուրահատուկ հրետանային նախապատրաստություն էր եւ հրահանգ։

Հայաստանի մեդիա-քաղաքական շրջանակներում այս թեզերը լայնորեն շրջանառվում են հայ զինվորի սպանությունից ի վեր, եւ սաստկացան այսօր, հայ զինծառայողների գերեվարությունից հետո։ Առանձնացնենք երկուսը․ Պատիվ ունեմ դաշինքի առաջնորդներից Արթուր Վանեցյանն ասել է․ «Ադրբեջանը պատասխանեց Ռուսաստանին ուղղված Փաշինյանի մեղադրանքներին, օգտվելով հարաբերությունները վատացնելու նրա քայլերից»։ Նկատի ունի Փաշինյանի վերջին ելույթում Ռուսաստանին ուղղված ակնարկները պարտավորությունները չկատարելու եւ Բաքվին փաստացի ուղղորդելու մասին։

Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ Ռուսաստանը չի կարող օգնել ՀԱՊԿ շրջանակում, քանի որ Հայաստանը թշնամացել է, ու ՀԱՊԿ-ը կհարցնի՝ ինչու օգնել Հայաստանին, եթե մեր բարեկամը Ադրբեջանն է։

Այս թեզերն արդեն իսկ մատնում են Մոսկվայի շփոթը, քանի որ անհեթեթ լինելուց եւ ՌԴ առաջին դեմքերի բացեիբաց հայտարարություններին հակասելուց բացի, տալիս են հակառակ արդյունքը։ Հայ հանրությունը ծանր գնով, սակայն զգալիորեն բարձրացել է կենցաղային մակարդակից եւ հասկանում է, որ սրանք ընդամենը Ռուսաստանի քաղաքականությունն արդարացնելու փորձեր են։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ռուսական թեզերի ծիրում գործող խմբերն այս ամիսների ընթացքում չեն դատապարտել Բաքվի քայլերը, իսկ մինչեւ վերջերս չէին տալիս Ալիեւի անունը։

Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության վերացման Լավրովի ընդլայնված ծրագիրը կենցաղային հիմք չունի եւ չի կարող ունենալ։ «Հարաբերությունների փչացումը» սկսել է այդ պլանի մեկնարկից՝ 2014-ից, Հայաստանի դեմ աննախադեպ քարոզչությամբ։ Այսինքն, հարաբերությունը նպատակային փչացվում էր Մոսկվայից՝ հակահայ քաղաքականությունը արդարացնելու համար։ Դա շարունակվում է մինչ օրս։ Ի՞նչ կարիք կա տրվել կենցաղային մակարդակի պրիմիտիվությանը, ի՞նչ խնդիր են լուծում այդ քարոզչության ծիրում գործող խմբերը, Լավրովի ծրագրին նպաստելուց բացի, եւ ամենակարեւորը՝ արդյոք դա անկեղծ համոզմունք է։

Նիկոլ Փաշինյանը պետք է մերժվի ու հեռացվի փաթեթով՝ ռուս-թուրքական համաձայնություններով ու Լավրովի պլանով, հայկական իրավունքների ու պահանջների հստակ ձեւակերպմամբ։ Սա է քաղաքական դերակատարների խնդիրը։ Ինքնիշխանությունից զուրկ ժամանակավոր ռեզերվացիայում, որը նախատեսում է Լավրովի ծրագիրը Հայաստանի համար, իմաստազրկվում է ամեն ինչ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/27/644922/