Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
Այսօր խոսելով սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության եւ Խոզնավարից Սոթք միջազգային դիտորների տեղակայման վերաբերյալ իր առաջարկի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ սահմանները մենք հավերժ պետք է չճգրտե՞նք, այսինքն՝ մենք աշխարհին պետք է հավերժ ասենք՝ սահման չունե՞նք։ Մենք ասում ենք՝ պետք է հասկանանք մեր պարիսպները որտեղով են անցնում։ Ասում են՝ չէ, պարիսպ անցկացնելը շատ վտանգավոր բան է Ղարաբաղի հարցի համար։ Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը, բացատրեք, օրինակ, Սև լճի տարածքում մեր սահմանի հետ։ Ղարաբաղի հարցը որտե՞ղ է առնչվում այս թեմայի հետ։ Կապ ունի Տեղ գյուղի և Խոզնավարի հատվածի հետ, բա էդ ենք ասում, մենք մեր տեսակետը կներկայացնենք։ Դրա համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ասել է՝ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է լուծվի։ Ադրբեջանն ասում է՝ լուծված է, վերջ, Մինսկի խմբի համանախագահությունն ասում է՝ լուծված չէ, պետք է համապարփակ լուծում տրվի։ Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցի հետ Արարատի և Սադարակի արանքում մեր պետական պարիսպի հարցը։ Մենք պե՞տք է ունենանք այդ պարիսպը, թե՞ չպետք է ունենանք»։
Թե ինչպես է վարչապետի համար Ղարաբաղի հարցն առնչվում Տեղ գյուղի հետ ու չի առնչվում օրինակ Սեւ լճի կամ այլ հատվածների հետ՝ անհասկանալի է: ՌԴ ԱԳՆ-ն էլ է ասում, թե Ղարաբաղի խնդիրն ու թուրքերի ներխուժումներն իրար հետ կապված չեն: Կապված չեն՝ ճանաչեք Ղարաբաղը՝ սա վերաբերում է թե ՌԴ-ին, թե Հայաստանին: ՌԴ-ն հնարավոր է այդպես է համարում, որ Հայաստանը չհայտարարի, որ եռակողմ հայտարարությունը խախտված է եւ դուրս գա դրանից: Իրականության մեջ Լավրովի պլանը ամբողջություն է, որի ընդլայնված կիրառման թիրախներն այս պահին Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերն են: Պլանն իրագործվում է հայ զինվորների սպանությամբ ու գերեվարմամբ, ռազմական շանտաժով ու սպառնալիքներով: Բաքվի զինված ներխուժումները ճշգրիտ համընկնում են ռուսական ռազմական ներկայության՝ Լավրովի պլանով ենթադրվող ճակատային գծին:
«Հեռանկարում» Արարատի ու Տավուշի մարզերն են, եւ այս առումով ուշագրավ է վարչապետի կողմից Արարատի և Սադարակի, այսինքն Նախիջեւանի սահմանի հատվածի հիշատակումը: Ահա եւ հերթական թիրախը. Բաքվի հայտարարությունը հայկական կողմից կրակոցների մասին Մոսկվայի հետ համաձայնեցված լարվածության նոր օջախի «նախապատրաստության» մասին է:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/28/645067/