ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն առաջարկում է 24,005,000 ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմական օգնություն տրամադրել Հայաստանին: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահի ներկայացրած բյուջեում հիշատակում չկա Արցախի մասին։ Նշվում է, որ Կոնգրեսը շարունակաբար կոչ է արել վարչակազմին առնվազն 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին:


«Հայաստանի համար նախագահ Բայդենի բյուջեն, որն առաջարկվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում, հեռու է այն հուսահատ կարիքներից, որոնց բախվում են Բաքվի էթնիկ զտման հետևանքով տեղահանված տասնյակ հազարավոր հայեր», — ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Մեր կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն դոլարի ռազմական օգնություն ուղարկելու համար, մինչդեռ առաջարկում է այդ գումարի միայն մի մասը ադրբեջանական բանակի կողմից տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Բաքվին և օգնության մեծ փաթեթն ուղարկի Արցախ և Հայաստան», — ասել է նա՝ առաջարկելով միանալ ստորագրահավաքի։

Բյուջեով նախատեսվում է 6,050,000 ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանում թմրամիջոցների դեմ միջազգային պայքարի և իրավապահ մարմինների համար: