Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե զարմանալի է Ալիեւի կոպիտ ու ագրեսիվ հռետորաբանությունը հաղթանակից հետո։ Ապշերոնյան հանցախմբի պարագլուխն իսկապես հիստերիայի հասնող հռետորաբանություն է բանեցնում, եւ դա իր պատճառներն ունի։ «Հաղթանակն» իր գինն ունի, մանավանդ Ռուսաստանի ու Թուրքիայի կերտած հաղթանակը, այդ բառի թե բուն, թե անուղղակի իմաստով։ Սոցիալական աճող դժգոհությունը, տասնյակ հազարավոր զոհերի ու անհետ կորածների հանգամանքը հնարավոր չէ երկար զսպել հաղթական ելույթներով։


Սակայն սրանք ներքին պատճառներն են։ Ռուսաստանի բութ պրոքսի գործիքի դերը որքան էլ շահավետ, սակայն հղի է լուրջ բարդություններով։ Միջազգային թուքումուրից բացի, որն առայժմ արտահայտվում է հայտարարությունների տեսքով, առկա է «հաղթանակը»՝ պատերազմի արդյունքները լեգիտիմացնելու խնդիրը։ Հայաստանին պարտադրվող ռուսական «դեմարկացիոն» առաջարկներն այդ նպատակին են ուղղված, միեւնույն ժամանակ միջազգային լեգիտիմ ատյանները եռակողմ փաթեթը չեն ընդունում որպես Արցախի խնդրի կարգավորում։

Բացի այդ, Մոսկվան ու Բաքուն խախտել են եռակողմի դրույթները, իսկ զինված ներխուժումները Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր փաստացի չեղարկել են այն։ Զուր չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, թե Արցախի խնդիրը կապ չունի Հայաստանի սահմանների խախտումների հետ՝ փորացավը եռակողմը փրկելն է ու դրա «անվերապահ կատարումը»։


Իր հերթին, ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին Հայաստանի դիմումների մերժումով Մոսկվան կորցրել է բոլոր փաստարկները․ Ռուսաստանը հակամարտության կողմ է՝ ընդդեմ Հայաստանի։ Դրանով է բացատրվում վերջին օրերին ՌԴ պաշտոնյաների եւ ռուսական քարոզչության տեղապտույտը հնամաշ «փաստարկներով»։

Այս պայմաններում, Հայաստանի մի քայլը կարող է կտրուկ շրջել իրավիճակը, միջազգային առայժմ բարենպաստ ֆոնին։ Ալիեւի հիստերիան ու ռուսական ծամածռությունները պայմանավորված են այդ հեռանկարով։ Նման քայլը Արցախի ճանաչման գործընթացի մեկնարկն է խորհրդարանական քննարկումներով։ Սա գուցե վերջին հնարավորությունն է, եւ «ընտրարշավին» տրված իշխող ու ընդդիմադիր խմբերը պետք է ընտրություն անեն Հայաստանի ինքնիշխան սուբյեկտության կամ Լավրովի պլանով նախատեսված ռուսական ռեզերվացիայում նվաստ ու ժամանակավոր գոյության միջեւ։ Ընտրությունն այստեղ է, պատասխանատվությունը հստակ է եւ ամբողջական, ինչը հնարավոր չէ քողարկել անմակարդակ բազարներով։ Առայժմ 2-3 ուժեր են, որ բարձրացնում են այս խնդիրը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/30/645355/