Ֆուտբոլի Հայաստանի և Խորվաթիայի ազգային հավաքականների միջև հունիսի 1-ին կայանալիք ընկերական հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:
Հանդիպման կազմակերպիչները նման որոշում են կայացրել կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:
Խորվաթիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարներ՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։ Աշխարհի գործող փոխչեմպիոնը հանդես կգա սև համազգեստով, իսկ Հայաստանի հավաքականը՝ սպիտակ:
Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կխաղա Վելիկա Գորիցա քաղաքի քաղաքային ստադիոնում։ 1987 թվականին կառուցված ստադիոնը հյուրընկալում է 5200 հանդիսական: Ընդամենը 2 տրիբունա ունեցող համեստ ստադիոնը մի քանի անգամ վերակառուցվել է, իսկ նախորդ անգամ վերանորոգվել է 2019 թվականին։ Այս ստադիոնում տնային խաղերն անցկացնում է Խորվաթիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Գորիցա» ակումբը։ Վելիկա Գորիցան մեծությամբ 7-րդ քաղաքն է Խորվաթիայում, իսկ բնակչությունը կազմում է մոտ 65 հազար մարդ։
Հիշեցնենք, որ այդ խաղից 4 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Եվրո-2020-ի մասնակիցներից Շվեդիայի հավաքականի հետ: