Ես ավելի շատ կուզեի, որ քաղաքական պատասխանատվություն դրսեւորվեր, եւ պատասխան տային քաղաքական իմաստով, թե չէ հիմա ծառայողական քննություն են նշանակել, երկու հոգու ազատել են, ինչպես կարելի է նման ոչ կոմպետենտ պահվածք, նման քաոսային վերաբերմունք ունենալ նուրբ, կարեւոր, էմոցիոնալ հարցին։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների՝ պարկերում պահվելուն։
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հունիսի 20-ին իր եւ նախկին իշխանությունների դատն է, ես համաձայն եմ՝ այդ օրն իր դատն է, թող ժողովուրդը գնա եւ այդ դատը տեսնի։ Ի պատիվ այդ նախարարի՝ ներողություն է խնդրել, ես չգիտեմ իրենց նախարարներից մեկին, որ ինչ-որ հարցով ներողություն խնդրի, այլ բան է, որ այդ ներողություններն ինչ-որ մեկին պե՞տք են, թե՞ ոչ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ընդդիմադիր ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հայտարարություններ է արել տարբեր հարցերի վերաբերյալ, ԼՀԿ ղեկավարն ասաց․ «Օրինակ՝ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելը պահե՞լ է, ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողության բերվե՞լ է, սուպերվարչապետական համակարգը փոխե՞լ են․ ո՞ր սկզբունքն են պահել։ Այո, նա լավ ընդդիմադիր էր, բայց լավ ընդդիմադիր լինելը չի նշանակում, որ կարող ես լինել նաեւ լավ կառավարիչ կամ լավ ղեկավար»։
Անդրադառնալով Փաշինյանի՝ մարզերում արած հայտարարություններին, Մարուքյանն ասաց․ «Ակնհայտ էր, որ ամբողջ քարոզարշավը վերածվելու էր նախկինների եւ ներկաների բանավեճի, բայց ժողովուրդն ուղղակի հոգնել է այդ «ղալմաղալից». դրանք ոչ մի տեղ տանող խոսակցություններ են»։
Անդրադառնալով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուն եւ տարածած հայտարարությանը, թե ինքը չի կարող ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային շահի դեմ են, Մարուքյանն ասաց. «Շատ զարմացած եմ, որովհետեւ ընդդիմադիր ֆրակցիայի 2 ներկայացուցիչ է եղել Անվտանգության նիստում, եթե ինչ-որ հակապետական բան էր արվում, նա այդ փակ նիստում պետք է ասեր, մենք էլ իմանայինք։ Ինչ հանձնարարություն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը տալիս էր, ինքը գլխով էր անում, ասում էր՝ ճիշտ այդպես պարոն վարչապետ։ Լավ առիթ է ունեցել՝ բարձրաձայնելու»։
Դիտարկմանը, թե փոխարտգործնախարարները հայտարարել են, որ տեղյակ չեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերյալ փաստաթղթից, արդյո՞ք հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը շրջանցում է արտգործնախարարությանը, ինչին էլ հաջորդում են պաշտոնանկությունները, Մարուքյանն արձագանքեց՝ ամեն ինչ հնարավոր է, բայց դրա մասին պետք է հստակ խոսել, ոչ թե ընդհանրական բնույթի հայտարարություններ անել։
«Մարդը շանս ուներ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասել, կարող է լրագրողների հրավիրել, արձակուրդ անել, ասել։ Եթե ԱԽ փակ նիստին չի ասում՝ ինչ նկատի ունի, էլ ուրիշ ինչ ֆորմատով պետք է ասի»,-ասաց նա։