Հեղինակավոր ֆուտբոլային գործակալներից մեկը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով:

«Тень отца Гурмана» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ գործակալը ներկա է եղել Խորվաթիա – Հայաստան ընկերական խաղին, որտեղ 28-ամյա Հովհաննիսյանը հանդես էր եկել ավագի թևկապով և մեկնարկային կազմում խաղացել առանց փոխարինման: Գործակալի անունը չի նշվում:


Կամո Հովհաննիսյանը 2020 թվականի հունվարից է խաղում «Կայրաթում», որի հետ այս տարի դարձել էր Ղազախստանի չեմպիոն: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 13 խաղի, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 600 հազար եվրո:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում տեղի ունեցած Խորվաթիա – Հայաստան հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել էր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անպարտելի շարքը հասավ 9 խաղի:

Հունիսի 5-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Եվրո-2020-ի մասնակիցներից Շվեդիայի հավաքականի հետ: