2013թ.-ին, երբ սպանվեց Դեդ Հասանը, արդեն կանխատեսելի էր, որ կսկվի երկար շարունակվող մի պատերազմ:

Քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանությունից մինչ օրս սպանվել   է արդեն 126 «օրենքով գող» և կլինեն դեռ նոր զարգացումներ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց քրեագետ Սերգեյ Գալոյանը, հավելելով, որ  նրա սպանությունից հետո սկսվել է  մի պատերազմ, որը երկար է շարունակվելու:

Նրա  խոսքերով, պայքար էր  գնում  «թագի»  համար և հավակնորդների  շարքում նշվում էր  նաև Արմեն Ղազարյանի անունը, որը բանախոսի խոսքերով ճանաչված է այդ աշխարհում, սակայն Դեդ Հասանի աթոռին չի ձգտում:

«Հիմնական հավակնորդը իմ կարծիքով Շակրո Մալադոյն է, որը նստած է  իսպանական բանտում և  գալու է  նույնիսկ շաբաթներ անց», - նշեց նա: Վերջինս նաև նշեց, որ  572 «օրենքով գողեր»-ից  126-ը տվել է  իր համաձայնությունը  Շակրոյի` Դեդ  Հասանի հավակնորդ դառնալու համար:

Հայ իրականության հետ, ըստ բանախոսի Դեդ Հասանի կապերն անմիջական են, քանի որ վերջինս կապված է  եղել Հայաստանի հետ:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում  մշտական բնակության «օրենքով գողեր»  չկան: Նրանք Ս. Գալոյանի խոսքերով, գալիս-գնում են:

Անդրադառնալով հայ «օրենքով գողեր»-ին նա նշեց, որ  վերջին «օրենքով  գողը» Հայաստանում եղել է  Խոյեցյանը` Խոյ մականունով: «Դա այսօրվա օրով  լավ է, քանի որ  քրեածին իրավիճակ չունենք: Իսկ վատ է, քանի որ  սա կդառնա  անվերահսկելի  «քնկոտ» դաշտ  և ի հայտ կգան սարսափելի դաժան մարդիկ», - նշեց նա:

Ս. Գալոյանը նշեց, որ  կա 44 հայ «օրենքով գող», որոնցից մի մասը  ազատության մեջ է, մյուսները` ազատազրկված և նրանցից միայն մի քանիսն են գալիս Հայաստան: