Երեկ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում, երբ ես ոչ աշխատանքային ժամին քաղաքում էի, ընկերներիս հետ, նկատեցի, որ ինչ-որ կին ինձ ու իմ ընկերներին հեռվից նկարում է, մոտենում է ինձ ու ընկերներիս՝ նկարելով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ինքը խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։
«Դա, բնականաբար, հաճելի չէր ո՛չ ինձ, ո՛չ ընկերներիս։ Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, բայց նկարելով՝ շարունակում էր հարցեր ուղղել։ Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, աշխատանքի ժամի չեմ, գործի տեղում չեմ։ Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում, և որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել, ինչպես բոլորինը։ Ես, պատգամավոր լինելուց բացի, առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ և պաշտպանված եմ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, թե լրագրողը շարունակել է հարցեր ուղղել, ինքն էլ վերցրել է հեռախոսը, ջնջել է տեսանյութը՝ իր խոսքով՝ իր կամքից անկախ․ «Հետո հեռախոսը տվել եմ իմ գործընկերներից մեկին, խնդրել եմ փոխանցել ու ասել, որ նա իրեն լրագրողին հարիր կերպով պահի»,-ասաց պատգամավորը՝ այլ հարցերի չպատասխանելով։