ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ին փոխանցել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հայրենակիցներ, ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների, ստիպված եմ արձագանքել.
պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, իմ զինակից ընկերների և ենթակաների թիկունքում չեմ թաքնվել և պատրաստ եմ պատասխանտալ իմ ողջ գործունեության համար։ Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն և յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։
Լսիր Նիկոլ, պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես և պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։
Ի դեպ, բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։
Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ, քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի և հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում՝ հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։
Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։
Ամեն դեպքում Նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում…»: