Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից պետության ղեկավարի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ թույլ տված վրիպումի պատճառով: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին Բաքվում միջպետական պայմանագրերի ստորագրման միջոցառման ժամանակ: Արարողակարգային վարչության աշխատակիցը չի կարողացել միանգամից արտասանել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անունը, ով ներկա է եղել միջոցառման ժամանակ: Նախարարը պետք է ստորագրեր երկու երկրների միջև մինչև 2015 թվականը հումանիտար ոլորտում համագործակցության ծրագիրը: Մեկնաբանելով այդ երևույթը` միջոցառման հաղորդավարը նշել է. « Փաստաթուղթը ստորագրում են ՌԴ արտաքին գործերի նախարար Սիկտի … է-է… Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը»:

Հանդիպումը հեռարձակում էր մասնավորապես Russia Today հեռուստաալիքը(վրիպումը թույլ է տրված տեսագրության 4.55 րոպեին): Որոշ հեռուստադիտողներ հաղորդավարի վրիպումը նմանեցրել են ադրբեջանական վիրավորական « սիկտիր» արտահայտությանը:

Ռուսական կողմը տեղի ունեցածը պաշտոնապես չի մեկնաբանել:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան այցը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին: