Ռուսաստանն, որը հասցրել է Արցախի հեռուստատեսությունում «Миротворец» (Խաղաղարար) հաղորդում բացել եւ ստիպել ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու հայտարարել Արցախում, անում ամեն ինչ, որպեսզի պոկի Արցախը Հայաստանից։ Իսկ Հայաստանում նախընտրական շրջան է, ու դրա մասնակիցների զգալի մասն աշխատում են շառից-փորձանքից հեռու մնալ ու չխոսել Արցախի խնդրի իրենց տեսլականների մասին։
Հայաստանի «իրավունքը» Արցախի հանդեպ ճանաչում է եւ միջազգային հանրությունը, եւ Ալիեւը, որը խնդրում է Հաայստանին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Սակայն Հայաստանում իշխանությունն ու ռուսանպաստ ընդդիմությունը չեն պահանջում քննարկել Արցախյան հարցը խորհրդարանում, ճանաչել միացումը կամ Արցախի կարգավիճակը, չեն հրաժարվում եռակողմ հայտարարությունից։ Ավելին՝ դա անմիջապես ասոցացվում է «հակառուսականության» հետ։
«Երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով», ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։
Արդյոք Արցախի խորհրդարանն ու արտգործնախարարությունը կդիմեն Հայաստանին՝ ճանաչման կամ միացման գործընթաց սկսելու խնդրանքով։
«Առանց Շուշիի, Հադրութի, Շահումյանի վերադարձի հայկական կողմին չպիտի պարտադրվի խաղաղություն», հայտարարել է «Ազատ հայտենիք» բլոկի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը։
Ինչ են ասում մյուսները։
Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, 1997 թվականից ի վեր՝ «Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը»։
Մենք չէինք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ համենայնդեպս իմ նախագահության շրջանում դա կնշանակեր պատերազմի սկիզբ։ Բայց փաստացի մենք անում էինք ամեն ինչ, որպեսզի կառուցենք ԼՂ-ի հետ ասիմետրիկ կոնֆեդերացիա, հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ասել է, որ երկիրն այն վիճակում չէ, որ հարցերը ռազմական ճանապարհով լուծի, բայց պետք է կարգավորումը վերադարձնել ինքնորոշման ծիր։
ԼՂԻՄ սահմանների վերականգնումը Լաչինի միջանցքի հետ միասին իր սահմաններով իրատեսական է, բայց դրա համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ: Այս մասին ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: «Ինքնորոշման» սկզբունքն ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում, ինչպես նաեւ Եվրոպական միության երկրների կողմից վավերացված SEPA համաձայնագրում», ասել է Մինասյանը:
«Հետևողական քայլեր կատարել Արցախի բռնազավթած տարածքների վերադարձի և գործուն քայլեր ձեռնարկել պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու նպատակով», համարում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
«Բարգավաճ Հայաստանը» բոլորին ջանսաղություն է մաղթում ու բարգավաճում Ռուսաստանի գրկում։ Իսկ իշխող «Իմ քայլը» կուսակցությունն ընդհանրապես ոչինչ չի խոսում։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/07/647024/