Հրապարակ թերթը գրում է․ «Երեկ Սերժ Սարգսյանը հրապարակեց փաստը, որը խոստացել էր հրապարակել, եթե Փաշինյանն ապացույց չներկայացնի իր՝ կազինոներում խաղալու մասին։ Մարդիկ այլ բան էին սպասում, նա բացատրեց, որ ինքն ընտանիք չի մտնի եւ այդ ակնկալիքները չի արդարացնի, ու հրապարակեց մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է բանակցային պրոցեսի մասին։
Առանձնապես սկանդալային բան չկար, բացի նրանից, որ խոստովանում է, թե իրեն գժի տեղ է դնելու եւ թռնելու է բանակցային պրոցեսից։ Թե որտեղ է կատարվել ձայնագրությունը՝ մենք պարզեցինք, որ ձայնագրությունն արվել է 2019 թ․ նոյեմբերին, Երեւանում, երբ Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանն ու պատմել այս ամենը: Հավանաբար՝ ներկաներից մեկը ձայնագրել է Փաշինյանի խոսքը»։