Մարտի 1-ի գործով զոհերից մեկի` Արմեն Ֆարմանյանի կինը` Աննա Էլոյանը, մեղադրվում է երկրորդ ամուսնուն դանակահարելու, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու  մեջ, եւ նրա վերաբերյալ գործն արդեն դատարանի վարույթում է:   Ոստիկանությունը պարզել է, որ Աննա Էլոյանը 2013թ. մայիսի 25-ի` ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկի մոտակայքում, վիճաբանել է իր փաստական ամուսնու` Հովնան Խաչատրյան հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է վերջինիս ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով,-այս մասին գրում է Փաստինֆոն:  

Ա.Էլոյանը չի կալանավորվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:   Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Փաստինֆո» գործակալությունը, Հ.Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքների մասին ոստիկանությունն ահազանգ էր ստացել «Մալաթիա» բժշկական կենտրոնից, որ կրծքավանդակի աջ առաջնային կեսի կտրած-ծակած թափանցող, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող և ձախ նախաբազկի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Հովնան Մերուժանի Խաչատրյանը: Նույն օրը դեպքի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով  եւ  կարճ ժամանակ անց պարզվել էր, որ նրան մարմնական վնասվածք է պատճառել կինը:   Ա.Էլոյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը: