Վայոց Ձորի մարզում հունիսի 9-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 23։20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը, որը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Վայք քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Արփի Գ-ն, 4-ամյա Միքայել Բ-ն, 5-ամյա Նոյ Ա-ն, 4-ամյա Արշակ Ա-ն, 5-ամյա Սարգիս Ա-ն, 4-ամյա Մենուա Ս-ն, և 6-ամյա Կարեն Ե-ն։


Գիշերը, ժամը 2-ի սահմաններում նշված բուժմիավորում է տեղափոխվել նաև Վայք քաղաքի բնակիչ՝ 6-ամյա Վիկտորիա Ֆ-ն։

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Վայք քաղաքի թիվ 3 մանկապարտեզի սաներն են, որոնք մանկապարտեզում սնվելուց հետո վատացել են։

Մանկապարտեզ են ժամանել «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի» և «ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց Ձոր մասնաճյուղի» աշխատակիցները, որոնց կողմից նշված մանկապարտեզում կատարվել են նմուշառումներ:

Փաստի առթիվ ոստիկանության Վայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Իր հերթին Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։