Նախընտրական քարոզարշավի փուլում Հայաստանում դարձյալ գործի են դրվում հին մեթոդները․ այս փուլում ընտրակաշառքի խոստումների կամ բաժանման մասին ահազանգեր կան։
Իրավապահ մարմիններն արդեն ընտրակաշառքի գործով ձերբակալություններ են արել։ Դատախազությունն օրերս հայտնեց Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք տալու դեպքի մասին։ Այս գործով երկու անձ է ձերբակալվել, որոնցից մեկը ԲՀԿ-ական թեկնածու Արամայիս Ապրոյանն է։
Մյուս գործը «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին հնարավոր կաշառք բաժանելուն է վերաբերում։ Ձերբակալվել է նույն դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով, ըստ գործի նյութերի, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար 9 միլիոն դրամ գումար էր փորձել փոխանցել բնակիչներից մեկին։
Մամուլում ևս տարբեր տեղեկություններ կան` ընտրակաշառք բաժանելու կամ մարդկանց ֆինանսական խնդիրները լուծելու խոստումների մասին։ Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների, «Հայաստան» դաշինքի կողմից մարդկանց գումարի խոստում է տրվում, իսկ գումարը խոստանում են վճարել ընտրությունից հետո, երբ ընտրողը քվեախցիկից կհանի իշխանական ուժի քվեաթերթիկը։ Ըստ հրապարակումների՝ Քոչարյանի թիմը տարբեր մարզերում մինչև 1-1.5 միլիոն դրամ վարկեր ունեցող քաղաքացիների վարկերը մարում է՝ փոխարենը յուրաքանչյուրից պահանջելով 50-ական ձայն՝ ցուցակագրված, անուն-ազգանուններով և անձնագրային տվյալներով։
ԲՀԿ-ն ևս, ըստ լուրերի, անցել է գործի։ Արարատի մարզում փակցրել են հայտարարություն, ըստ որի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով այս տարվա հունիսի 6-ից Մասիսի կոնյակ-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և տեղում գյուղացիների հետ կնքելու են խաղողի մթերման պայմանագրերը: «Բոլորին խնդրում ենք նեղություն չկրել և չգնալ գործարան պայմանագրերի համար»,- նշվում է այդ հայտարարությունում։
Իշխանությունները գարնանը հայտարարեցին, որ ընտրակաշառքի ու ընտրական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար խստացնում են օրենսդրությունը։ Մայիսի 7-ին ուժի մեջ են մտել ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունները։ Ըստ այդմ՝ ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է։ Այն կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։
Ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը հիմնականում կապվում են ընտրապայքարին մասնակցող նախկին իշխանությունների, ինչպես նաև ԲՀԿ-ի անվան հետ։ Իր հերթին, նախկինները իշխող ուժին մեղադրում են վարչական ռեսուրսի լիրառման համար։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է․ «Նրանք, ովքեր ժողովրդի կամքի վրա ընտրակաշառքով ապօրինի ազդեցություն են ուզում գործել, հայտնվելու են ճաղերի հետևում»։
«Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ դիտորդների կողմից հավաքագրված ահազանգերի մի մասը, որոնք վերաբերում են ընտրակաշառքին, կապվում են ներկայիս ընդդիմադիր ուժերի հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/13/648177/