Շուշի Ալիեւի այցերը մատնում են նրա բարդույթները եւ Բաքվում դարձել են երբեմն ծաղրական քննարկումների ու հարցադրումների առարկա. որտեղով է նա գնում, ում ուղեկցությամբ, ինչի դիմաց, ինչ է լինելու Շուշիի ու մյուս «ազատագրված տարածքների» հարցը, ինչ եղավ հաղթանակը եւ նման այլ հարցադրումներ:
Երեւում է իր այցերն ավելի «համոզիչ» դարձնելու համար Ալիեւը համոզել է Էրդողանին այցելել Շուշի, եւ մի քանի ամիս ձգձգումներից հետո նրանք հունիսի 16-ին իրենց կանանց հետ այցելելու են Շուշի:
Ըստ Բաքվի աղբյուրների՝ Ալիեւն անցած անգամ Շուշի էր մեկնել Մարալ Նաջարյանին ազատ արձակելու դիմաց: Ալիեւը հաճախ է հայտնվում Արցախում, «հաղթական էյֆորիան» պահելու համար: Ակնհայտ է, որ հայ գերիները նրա համար «անվտանգության գվարդիա» են, նրանց հետեւում ծածկվելով է Ալիեւը համարձակվում ընտանյոք ոտք դնել Արցախում: Այլապես, Բաքվում չեն բացառում, որ Արցախ հերթական այցին Ալիեւի անունը կհայտնվեր Էնվերի կողքին: Բաքվի վախկոտ կառավարչի վերաբերյալ այս կարծիքն ամրապնդվում է կնոջ հետ միասին հայկական ցուցանակների կողքին նկարվելու, վանքերի պղծման եւ այլ դրվագներում:
Հիմա նա դրան հաղորդակից է դարձնում Էրդողանին: Երեւում է՝ Թուրքիայի բազմափորձ նախագահը դրա համար էր երկար ժամանակ ձգձգում Շուշի իր այցը, ծաղրանկարային վիճակում չհայտնվելու համար: Ավելին, նրա դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հրաժարվեց Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։
Այսպես կոչված «ադրբեջանը» խնդիր է դառնում Թուրքիայի համար, եւ այդ հանգամանքն ավելի ու ավելի դժվար է քողարկել եղբայրական ճառերի տակ: Շուշի այցով Էրդողանը մեծ սխալ է անում՝ ոչ միայն կանանց ու հայ պատանդների հետեւում թաքնված վախկոտի վիճակում հայտնվելու, այլեւ քաղաքական հանգամանքները նկատի առնելով:
Էրդողանի Շուշի այցը լիովին բացում է Նախիջեւանն ու Կարսը Հայաստանին վերադարձնելու թեման: Հայաստանի նախընտրական խեղկատակությամբ տարված քաղաքական դասն ու զլմ-ները ժամանակ ունե՞ն այս հարցը քննարկելու:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/14/648251/