Արգենտինայի հավաքականի մեկնարկը հաղթական չի ստացվել ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
Բրազիլիայում անցկացվող մրցաշարի առաջին տուրում արգենտինացիները 1:1 հաշվով են ավարտել Չիլիի հավաքականի դեմ հանդիպումը: Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի գոլին չիլիացիները երկրորդ խաղակեսում պատասխանել են Էդուարդո Վարգասի դիպուկ հարվածով:
A խմբի մյուս խաղում Պարագվայի հավաքականը 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Բոլիվիայի թիմի նկատմամբ՝ բոլոր գոլերը խփելով երկրորդ խաղակեսում: Այս խմբում ընդգրկված է նաև Ուրուգվայի հավաքականը, որը բաց է թողնում առաջին տուրը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթն անցկացվում է Բրազիլիայի 4 քաղաքներում, իսկ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում: Մրցաշարը պետք է անցկացվեր Կոլումբիայում և Արգենտինայում, սակայն նախ՝ Կոլումբիան զրկվեց մրցաշարն անցկացնելու իրավունքից կորոնավիրուսի համավարակի և անկայուն քաղաքական վիճակի պատճառով, ապա՝ Արգենտինան զրկվեց այդ իրավունքից կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի հետևանքով։
Գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին:
Ամերիկայի գավաթ, առաջին տուր
A խումբ
Արգենտինա – Չիլի՝ 1:1
Լիոնել Մեսի, 33 – Էդուարդո Վարգաս, 57
Պարագվայ – Բոլիվիա՝ 3:1
Կակու, 62, Անխել Ռոմերո, 65, 80 – Էրվին Սավեդրա, 10
Հեռացում՝ Խաումե Կուելա, 45+9 (Բոլիվիա)