Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է քարոզարշավի ժամանակ քաղաքական գործիչների կողմից հնչեցված վիրավորանքներին և հայհոյանքներին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը:


Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են:

Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերը արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով:


Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաև անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն` զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով:

Ընդ որում, ինչ-որ ուժի կամ գործչի աջակցող կեղծ էջերից արհեստական հարձակումներով էլ Մարդու իրավունքների պաշտպանից են սկսում պահանջել առանձին-առանձին անդրադառնալ հայհոյանքի ամեն բառի ու գնահատական տալ կոնկրետ իրավիճակների:

Վերջին օրերին նորից սկսվել են հասցեագրվել պաշտոնյաների պաշտպանելու դիմումներ` բացահայտ անտեսելով, որ Պաշտպանը պաշտոնյա պաշտպանող կամ մասնավոր անձանց միջև հայհոյանքի գործ քննող չէ, «մոռանալով», որ դրա համար կան իրավապահ մարմիններ ու դատարան:


Հայհոյանքը, այն էլ դա հրապարակային անելն ագրեսիվացնում է մթնոլորտը, ավելացնում է լարվածությունը: Այն չի կարելի դարձել հանրային օրակարգի մաս:

Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում եմ դադարեցնել հայհոյանքի հանրային օրակարգ զարգացնելու ու բացահայտ խրախուսելու արատավոր պահվածքը»: