ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկա գտնվելով  «Բազե 2013» երիտասարդական հավաքի փակման արարողությանը,  անդրադարձել է  Հայաստանի համար հետաքրքրություն ունեցող մի քանի հարցերի, այդ թվում`  Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է  Նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր»:

Այս հայտարարությունը մի շարք խոսակցությունների առիթ  է  հանդիսացել: YerevanNews.am-ը նախագահի արված հայտարարության շուրջ զրուցել է  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

- Արդյո՞ք Իլհամ Ալիևը  Հայաստանի համար նախընտրելի թեկնածու է:

- Ես ճիշտն ասած համաձայն եմ: Իլհամ Ալիևը աշխարհիկ դեմք է, իսլամիստ չէ, ծայրահեղ չէ: Այս տեսանկյունից ավելի հեշտ է  և ճիշտ  է  գործ ունենալ  աշխարհիկ դեմքերի հետ: Իրոք այս վերջին տարիներին Ադրբեջանում բավական ուժեղացան ծայրահեղ իսլամիստական խմբեր և պարզ է իրենց ազդեցությունն այնքան էլ մեծ չէ, բայց այնուամենայնիվ այդ խմբերը շատ ակտիվ են: Եվ նրանց ազդեցությունը գնալով աճում է: Պարզ է, որ այդտեղի խմբերը« եթե ավելի  հզորանան, ապա նրանց հետ գործ ունենալն ավելի դժվար կլինի: Մեզ գոնե այսօր ձեռնտու է, որ ընտրվի  հենց Իլհամ Ալիևի պես աշխարհիկ մարդ:

-Արդյո՞ք Ադրբեջանի նախագահի փոփոխությունից է կախված Հայաստանի հետ հարաբերությունների փոփոխությունը:

- Ավելի ճիշտ է  գործ ունենալ աշխարհիկ մարդու հետ, քան ծայրահեղականների հետ, ովքեր  դավանում են իսլամ: Իրոք, Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային գործընթացի մեջ է ՄԻնսկի խմբի շրջանակներում: Այդ բանակցությունները հիմա  ակտիվ չեն, բայց երկու տարի առաջ ակտիվ էին: Այս ամբողջ հանգամանքները պետք է  հաշվի առնել: Ասելով աշխարհիկ, ես նկատի ունեմ, որ մարդը հասկանում է ինչ է  կյանքը, ինչ է  հարուստ մարդու կյանքը, ինչ է  իշխանությունը: Պարզ է, որ  այս ձևի մարդը  երբևէ  ծայրահեղ քայլերի չի գնա: Ինքը կյանքի համը զգում է և հասկանում է թե ինչ է  նշանակում ղեկավար լինել և լավ ապրել:

-  Ի՞նչ մեսսիջ էր իր մեջ պարունակում Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

-Այստեղ երկու մեսսիջ կար: Մեկը Իլհամ Ալիևին ուղղված մեսսիջ, մեկը` միջազգային հանրությանը: Միջազգային հանրությունը մտահոգված է, որ վերջին ժամակներս չեն գնում  բանակցային պրոցեսներ: Շատ է  ասվել, որ եթե վերընտրվի Իլհամ Ալիևը, ապա նա պատրաստ է  շարունակել այս բանակցային պրոցեսը: Եվ Սերժ Սարգսյանը այս կերպ մեսսիջ է  հղում նաև  միջազգային հանրությանը:

- Ըստ Ձեզ, Ադրբեջանում ինչպե՞ս կընդունեն Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը:

- Ես կարծում եմ, որ եթե ընդդիմության թեկնածու գրանցվի և պայքարն ավելի թեժ գնա, այդ դեպքում միգուցե ընդդիմությունը փորձի դա օգտագործել Իլհամ Ալիևի դեմ : Կասեն նայեք Իլհամ Ալիևը այնքան մեղմ քաղաքականություն է  վարում Հայաստանի նկատմամբ, որ  Սերժ Սարգսյանը  պատրաստ է  իր հետ շարունակել: Իրենք  կփորձեն սա օգտագործել  ընտրությունների պայքարի ժամանակ: Սա այն դեպքում, եթե ընդիմությունը միավորվի, սակայն դա որևէ արդյունք չի կարող տալ, քանի որ Իլհամ Ալիևն ամեն դեպքում կվերընտրվի: Այս մեսսիջն այնուամենայնվի  դրական կընկալվի հենց միջազգային հանրության կողմից  և կաշխատի Ալիևի օգտին:

- Իսկ Ռուսաստանին ձեռնտու՞ է Իլհամ Ալիևի վերընտրվելը նախագահի պա՚շտոնում:

- Կասկած չունեմ, որ շահողը այս դեպքում ոչ թե Հայաստանը կամ Եվրոպան կլինի, այլ հենց Ռուսաստանը:  Պարզ է, որ Ռուսաստանը չի ցանկանա հարավում ունենալ պրոբլեմատիկ  իշխանություն: Շատ դժվար է  գործ ունենալ ծայրահեղ խմբերի հետ:  Ռուսաստանն էլ շահագրգռված չէ, որ Ադրբեջանը գնա Սիրիայի և Եգիպտոսի ճանապարհով, քանի որ այդ դեպքում իսլամական խմբերը կհզորանան:  Ամենամեծ  շահագրգիռ կողմը  հենց Ռուսաստանն է, և չնայած որ Ալիևի քաղաքականությունը ձեռնտու չէ Ռուսաստանին, վերջինս ամեն կերպ կաջակցի նրան: Այլ թեկնածուն էլ ավելի մեծ գլխացավանք կլինի Ռուսաստանի համար:

 

Անի Բաղդասարյան