Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, այսօր տեղի է ունեցել նրանց հանդիպումը Հայաստան դաշինքի շտաբում։ Հատկանշական է, որ Քոչարյանի հետ հարցազրույցում ռուսական պետական 3 լրատվամիջոցների լրագրողները հարցեր են ուղղել նրան Կարեն Կարապետյանի մասին։
Մոսկվայից հայկական ռուսանպաստ ընդդիմության երկու սլիվներից հետո (երրորդը շատ ավելի հետաքրքիր է, սակայն առանձին հոդվածի նյութ) խաղադրույքն արվեց Քոչարյանի վրա, սակայն սպասումները չեն արդարացել։ Քոչարյանն անհրաժեշտ ձայներ չի ստանում, բացի այդ՝ հրապարակային պայքարում զիջում է Նիկոլ Փաշինյանին։ Դրությունը բարդանում է նրանով, որ Փաշինյան-Քոչարյան «տանդեմով» սխեման սպասարկող ուժերն ի վիճակի չեն արագ տրանսֆորմացվել նոր իրավիճակին։
Ըստ ամենայնի, դրանով էր պայմանավորված Քոչարյանի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ինչպես նաեւ Կարեն Կարապետյանի «ընդունելությունը», որը բավական հանդիսավոր ու պաշտոնական կատարվեց։
Կարեն Կարապետյանի համար սա երրորդ դեպքն է։ Շռնդալից «վերադառնալով», կարճ ժամանակ անց սակայն նա կամ հեռանում էր, կամ հայտնվում երկրորդական դիրքում։ Նա մի տեսակ չի «պատվաստվում» հայաստանյան իրողություններին, իսկ ներկայում, երբ Ռուսահայաստան արդեն չկա, եւ ռուսանպաստությունը նույնպես անէանում է, նոր փորձն առավել քան կասկածելի է դառնում։
Դրան գումարվում է նաեւ այն դատարկությունը, որը կոչվում է հայկական ներքաղաքական դաշտ։ Մեդիադաշտը լցրած նախկին ու ներկա ղեկավարների թիմերի «բանավեճը» մատնում է այդ դատարկությունը։ Ընդ որում, որքան կորցնում են հավանական քվեները, այնքան այդ բանավեճն ավելի ագրեսիվ ու սպառնալից է դառնում։ Խոսվում է քվեարկության օրն ու հետընտրական շրջանում հավանական բախումների մասին, նման մտադրությունների համար փոխադարձ մեղադրանքներ են հնչում։
Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, բախումները չեն բացառվում, ընդ որում՝ դրանք կարող են առատ «սնունդ» ստանալ նաեւ դրսից՝ անկանոն պատերազմի տարրերի կիրառումից մինչեւ ներքին ագենտուրայի կիրառում։ Մոսկվայի նպատակն այս ընտրություններում եռակողմ փաթեթին հավատարիմ խորհրդարան ձեւավորելն է, եւ այդ ճանապարհին ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնելու։ Իր հերթին, դրանում շահագրգիռ են եռակողմին հավատարմություն հայտնած ուժերը, որոնց ընտրական սպասումները չեն արդարանում։
Մոսկվան մեկ այլ խնդիր էլ է փորձում լուծել այս ուժերի միջոցով՝ հանրությանը եռակողմին համակերպելուց բացի՝ շեղել ուշադրությունը տարածաշրջանում կատարվող էական փոփոխություններից, որոնք Հայաստանի համար մեծ հնարավորություններ են պարունակում։ Հետեւելով ներքին «բանավեճին», պարզ է դառնում, որ այդ ուժերն ունակ չեն գնահատել եւ ընկալել քաղաքական գործընթացները եւ ուզում են մի սերունդ էլ ձգել իրենց երազանքների ու հնարավորությունների սահման հետխորհրդային Հայաստանը, որը նոյեմբեր 9-ից հետո չկա։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/16/648651/