Վաղը` օգոստոսի 20-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի է ունենալու Նուբարաշեն ՔԿՀ-ի նախկին պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի կաշառքի գործով դատական նիստը: Դատական գործով տուժող Արտակ Հակոբյանի կինը բաց նամակով պահանջում է, որպեսզի իր ամուսնուն` Արթիկ ՔԿՀ-ից տեղափոխեն Երևան, որպեսզի ինքն էլ մասնակցի դատական նիստին, քանի որ Ա. Հակոբյանը կաշառքի գործով Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանի վերաբերյալ ցանկանում է լուրջ հայտարարություններ անել:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ս.թ. մայիս ամսին ձերբակալվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ Դ. Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչեւ դեկտեմբեր դատապարտյալ Արտակ Հակոբյանից եւ նրա կնոջից պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել եւ ստացել է 14.000 ԱՄՆ դոլար: Բացի դրանից, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540000 դրամի կահույք: