Լոնդոնի Ուայթհոլ փողոցի վրա գտնվող  Անգլիայի ռազմական նախարարության նախկին շենքը, որտեղ աշխատել է լեգենդար վարչապետ Ուինսթոն Չերչիլը, վաճառվելու է ծախսերի կրճատման բրիտանական կառավարական ծրագրի շրջանակներում: Այս մասին գրում է անգլիական The Daily Express պարբերականը: Ինչպես սպասվում է այս գործարքը երկրի պետական գանձարան կարող է բերել 100 մլն եվրո:

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Էդուարդ թագավորի ժամանակաշրջանի շենքը կվաճառվի եկող տարի:

«Մենք աշխատում ենք պաշտպանության նախարարությունը ավելի համապարփակ, մասնագիտական և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այժմ մենք կարող ենք կենտրոնացնել նախարարության բոլոր աշխատակիցներին մեկ շենքում»,- մեկնաբանել է պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը: Կանխատեսվում է, որ նախարարության շենքի վաճառքից հետո այն կվերածվի հյուրանոցի:

Շենքի կառուցումը սկսվել է 1902 թվականին և ավարտվել հինգ տարվա ընթացքում: Այնտեղ առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ աշխատել են Ուինսթոն Չերչիլը և Դևիդ Լլոյդ Ջորջը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը ութ անգամ ենթարկվել է ռմբակոծության, սակայն կարողացել է խուսափել ավերվածությունից: